Մեջլիսի հայ պատգամավոր. «Քաղաքացու պես վերաբերվենք այստեղի հային, ասորուն, հույնին, հրեային»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Garo-Palyan.jpeg)
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է ազգային փոքրամասնությունների դպրոցների խնդիրը: Թուրքական «Habervaktim.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագծերի և բյուջեի հանձնաժողովի նիստի ժամանակ Փայլանն առաջարկել է վերաբացել Ստամբուլի Հեյբելիադա կղզու հունական հոգևոր դպրոցը:
«Մի՞թե դեռ չի եկել այն օրը, որ քաղաքացու պես վերաբերվենք այստեղի հային, ասորուն, հույնին, հրեաին: Ասում եք, թե ուզում եք հավատացյալ հասարակություն մեծացնել,- դա պարոն նախագահի նախաձեռնությունն է,- ուրեմն թույլ տվեք, թող հույներն էլ հավատացյալ հասարակություն դաստիարակեն: Ինչու՞ ոչ»,-ըստ Ermenihaber-ի՝ ասել է Փայլանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հոգևոր դպրոցների խնդրում աջակցել է Փայլանին. «Ես միանում եմ, թող բացվի», -ասել է նա: Սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, թե նշյալ խնդիրը արտգործնախարարության իրավասությունների մեջ չի մտնում, խնդիրը պետք է համաձայնեցնել կրթության նախարարության հետ:
Փայլանը օրակարգ է բերել նաև ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների կարգավիճակի խնդիրը: Այդ հաստատությունները ներկայումս ոչ պետական դպրոցներ են, ոչ մասնավոր: Ըստ հայ պատգամավորի՝ ֆինանսների նախարարությունը պնդում է, թե ազգային դպրոցները պետք է ձևակերպվեն որպես առևտրային կազմակերպություններ, մինչդեռ այդ դպրոցները վճարովի չեն և նրանց կոչումը ազգային դպրոց և ազգային հիմնադրամ լինելն է: