Ստամբուլի իր բնակարանում խեղդամահ է արվել 85-ամյա հայ քաղաքացին

Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում անհայտ անձիք ներխուժել են տարեց հայի բնակարան և սպանել նրան: Դեպքը տեղի է ունեցել Շիշլիի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում, հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքական «haberler.com» լրատվակայքի համաձայն՝  անձը չպարզված 3 մարդ ներխուժել են 85-ամյա Հակոբ Դեմիրջիի բնակարան, կապկպել են նրան և կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, վերցրել տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել:

Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել է ժամանակին փրկել կնոջ կյանքը՝ տեղափոխելով նրան հիվանդանոց: Սակայն տարեց տղամարդուն փրկել չի հաջողվել, նա  խեղդամահ է եղել:

Նշվում է, որ հանցագործների ինքնությունը պարզելու համար ոստիկանությունն ուսումնասիրում է տարածքում տեղադրված անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները:

Scroll Up