Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման ժամանակ վիրավորված կինը դուրս է գրվել հիվանդանոցից

Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայ զույգի տան վրա գողերի հարձակման հետևանքով հոսպիտալացված Սեդա Աիդա Դեմիրջին դուրս է գրվել հիվանդանոցից:

«Ակոս» պարբերականի փոխանցմամբ` փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցի տներից մեկում բնակվող հայ Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել: Հարձակումն իրականացնող երեք անձինք գողացել էին տան թանկարժեք իրերը, սակայն հայ զույգին կապել էին «խոզի կապանք» անվանմամբ հայտնի ձևով, ինչը թույլ էր տվել ենթադրելու, որ կատարվածը ատելության հողի վրա իրականացված հանցագործություն է:

Կատարվածի մասին ահազանգել էր տան աշխատողը, ով հերթական անգամ եկել էր պոլսահայ զույգի տուն, սակայն դուռը նրա առջև ոչ ոք չէր բացել: Հակոբ Դեմիրջին կապանքի հետևանքով խեղդվել էր, իսկ նրա կնոջը հոսպիտալացրել էին:

Հիվանդանոցից արդեն դուրս գրված Սեդա Դեմիրջին տեղափոխվել է զարմիկի մոտ:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` ուսումնասիրելու հանցագործությունն ու պարզելու այն իրականացրած անձանց ինքնությունը: Քննության են առնվել տեսախցիկների ձայնագրությունները:

Scroll Up