Պետդումայում առաջարկել են չեղյալ համարել 1921թ. Թուրքիայի հետ կնքած Մոսկվայի պայմանագիրը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Duma.jpg)
ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով խզել 1921թ. մարտի 16-ին ՌԽՖՍՀ իշխանությունների եւ Թուրքիայի միջեւ կնքված եղբայրության եւ բարեկամության մասին պայմանագիրը, ըստ News.am-ի՝ հայտնում է «Իզվեստիա» պարբերականը։
«Թուրքական ագրեսիայի աճի պարագայում մենք այժմ պետք է իրավաբանորեն մշակենք մեր երկրի եւ նրա դաշնակիցների համար ոչ շահավետ բոլոր ռուս-թուրքական համաձայնությունները։ Անկարան պետք է հասկանա, թե ինչի կարող է վերածվել հակամարտության սրումը»,- ասել է Օբուխովը։
«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Օլեգ Պախոլկովի խոսքով՝ Թուրքիան իրոք շատ ծանր պայմաններ է առաջադրել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող կետ։ «Սակայն թուրքերին պետք է դաստիարակել։ Այս աշխարհում ոչինչ հավերժ չէ։ Եթե դուք այսօր դավաճան դիրքորոշում եք ընդունել, ուրեմն պայմանագիրը խզելը համարժեք քայլ է։ Այդ հարցում մեզ կաջակցի Հայաստանը»,- ասել է Պախոլկովը։
Թուրքիայի հետ բարեկամության եւ եղբայրության պայմանագրի խզումը դիտարկվել էր եւ նախկինում։ Նացիզմի դեմ տարած հաղթանակից հետո ԽՍՀՄ-ը պահանջում էր Անկարայի հետ նոր համաձայնագիր կնքել, սակայն հրաժարվել էր այդ հավակնություններից Ստալինի մահվանից հետո։
«Երեք անդրկովկասյան հանրապետություններից երկուսը՝ Հայաստանն ու Վրաստանը, չեն ճանաչում պայմանագրի պայմանները։ Պետք է հասկանանք, որ 1921թ. բոլշեւիկների իշխանությունը մազից էր կախված»,- ասել է Օբուխովը։
Նշենք, որ այդ պայմանագրի համաձայն՝ Թուրքիային է անցել Կարսի մարզի մեծ մասը, նախկին Բաթումիի մարզի հարավային հատվածը, Երեւանի նահանգի Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռան հետ։