Թուրքիան իր դեսպանին հետ կուղարկի Վատիկան՝ Հայոց ցեղասպանության հետ կապված աղմուկից հետո
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Վատիկան.jpg)
Թուրքիան հայտարարել է, որ հետ կուղարկի իր դեսպանին Վատիկան՝ անցած տարի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից «ցեղասպանություն» բառն օգտագործելու առնչությամբ նրան հետ կանչելուց հետո, tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Agence France-Presse գործակալության թղթակիցն Անկարայից։
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այդ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Վատիկանը հայտարարություն է հրապարակել՝ ողջունելով առաջին անգամ 2005 թվականին հնչեցված Անկարայի պատրաստակամությունը՝ «1915 թվականի դեպքերն ուսումնասիրելու» համար թուրք և հայ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:
«Այս կոնտեքստում… որոշում է կայացվել մեր դեսպան Մեհմեթ Փաչաջըին հետ ուղարկել Վատիկան»,- ասել է նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:
Հիշեցնենք, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել էր, որ «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունն է»։