Իրաքահայ աղջիկը Բաղդադում իրենց տան վրա ԴԱՀԵՇ-ի հարձակումից ի վեր չի խոսում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/երեխա.jpg)
Լինդա և Վահան Մարգարյաններն այն հայերից են, որոնք որոշել են Թուրքիա փախչել, երբ Բաղդադում ԴԱՀԵՇ-ի (Իսլամական պետություն -ISIS) զինյալներ ներխուժել են նրանց տունը: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Հյուրրիեթ դեյլի Նյուզի» լրագրողը:
«Երբ անցյալ տարի ԴԱՀԵՇ-ի զինյալները ներխուժեցին մեր տուն, դուստրս՝ Նուշիկը, 7 տարեկան էր: Այդ պահից ի վեր նա դադարեց խոսել և մինչև այսօր չի խոսում: Այժմ ապրում ենք Յոզղաթում: Ամեն ինչ արել ենք նրան բուժելու համար, սակայն դեռ ապարդյուն,-պատմում է Լինդան և հավելում,- Այստեղ ապագա չունենք: Մեր կյանքում ամեն բան անորոշ է: Մեր ցանկությունն է, որ կարողանանք մեր զավակներին ապահովել ավելի լավ կյանքով և այնպիսի վայրում, որտեղ նրանք ապահով ու անվտանգ լինեն»:
Լինդան նաև պատմում է, որ հասարակության ճնշման պատճառով դժվար է իրենց կրոնին հետևելը. «Մենք հավատացյալ մարդիկ ենք, սակայն մեր քարոզներն ու աղոթքները տանն ենք կատարում,ինչը շատ դժվար է»:
Լինդայի ամուսինը Բաղդադում էլեկտրագետ էր, սակայն Յոզղաթում դժվարությունների է դիմագրավում. «Ամուսինս շինարարական ոլորտում միայն ժամանակավոր գործեր է կարողանում գտնել: Մյուսները ( թուրք քաղաքացիներ-հեղ.) օրական շուրջ 100 թուրքական լիրա են ստանում, իսկ մենք` նույն գործի համար միայն 25 լիրա: Եվ չենք կարող մեր իրավունքները պահանջել»:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սելինա Դողանը‚ որը ծագումով հայ է‚ վերջերս այցել է Յոզղաթում ապաստանած հայ ընտանիքներին: