Բաքուն դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից

Պաշտոնական Բաքուն բացահայտ դժգոհություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից` այդ մասին բողոքի նամակներ հղելով համանախագահների երկրների ԱԳՆ-ներ:
Այս մասին, ըստ Artsakhpress-ի, հայտնում է APA լրատվական գործակալությունը:
«Մենք դժգոհ ենք Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից», -հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` «ծիծաղահարույց» որակելով ԼՂ կարգավորման հարցում միակ միջնորդական առաքելությունը Մինսկի խմբին պատկանելու եւ ԼՂ կարգավորման բանակցություններին վնասող քայլերի կատարումից զերծ մնալու մասին ԵԽԽՎ-ին համանախագահների ուղարկած նամակը:
Նա ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման օրվանից համանախագահները չեն կարողացել որեւէ տեղաշարժի հասնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Մենք պահանջում ենք, որպեսզի Մինսկի խումբն իր գործունեությունը կառուցի հենց այդ ուղղությամբ: Ադրբեջանական հողերը բռնազավթված են: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ ղեկավարում են Մինսկի խումբը, բայց, չնայած դրան, որեւէ տեղաշարժ չի եղել: Ստրասբուրգ համանախագահների նամակը միայն ծիծաղ է առաջացնում: Ես նամակներ եմ ուղարկել համանախագահների երկրների ԱԳՆ-ներ, որոնցում նշել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ցանկացած հարցի արդիականացումը մեր անձնական գործն է: Ոչ ոք չի կարող միջամտել դրան: Նրանք չեն կարող ճնշում գործադրել եվրոպական խորհրդարանականների վրա: Դա անտրամաբանական է», -ասել է նա` անդրադառնալով ԵԽԽՎ-ում հակահայկական երկու բանաձեւերի նախագծերի քննարկման նախաշեմին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրապարակած հայտարարությանը:
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ հայտնել է համանախագահների հետ հնարավոր հանդիպումների վերաբերյալ նորությունների բացակայության մասին:
«Այն բանից հետո, երբ նրանք նամակ են ուղարկել Ստրասբուրգ, չեմ կարծում, թե հանդիպումը հնարավոր է», -ասել է նա: