ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց դասախոսություն «Սփյուռքի ներգրավման ռազմավարությունները» թեմայով
Փետրվարի 2-ին Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՀՀ սփյուռքի նախարարության և «Առաքելություն Արևելք» կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համար անցկացվեց «Սփյուռքի ներգրավման ռազմավարությունները» թեմայով դասախոսություն: Բանախոսն էր իռլանդական “Diaspora Matters” կազմակերպության գործադիր տնօրեն Քինգսլի Այքինսը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հյուրին և շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակին՝ դասախոսությունը կազմակերպելու և անցկացնելու համար: Նախարարը նշեց, որ Իռլանդիայից հրավիրված դասախոսը միջազգային կարգի փորձագետ է: Նրա ղեկավարած կազմակերպությունը խորհրդատվական ընկերություն է և ուղղորդում է կառավարություններին, կառույցներին և անհատներին սփյուռքների վերաբերյալ հարցերում: «Կարծում եմ, որ նրա փորձը, դիտարկումներն ու հետազոտություները կարող են օգտակար լինել նաև մեզ համար», նշեց նախարարը:
Քինգսլի Այքինսը ներկայացրեց Իռլանդիայի տնտեսության մեջ և բիզնես ոլորտում սփյուռքի ներգրավվածության բացառիկ ձևաչափը: Նա նշեց հաջողության հասնելու կարևոր գործոնները, սփյուռքի նախաձեռնությունների ձախողման պատճառները, մարտահրավերների ու թերությունների հնարավոր դրսևորումները: Կարևորվեց այլ երկրների կողմից Սփյուռքի խնդիրների ուսումնասիրությունը, հատկապես՝ տնտեսության և գործարարության զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը:
Այքինսը կարևորեց ցանցային կապերի ստեղծումը, վստահության ամրապնդումը, սփյուռքին լսելը, ճկունությունը, հստակ ուղղորդված ռազմավարությունը: Նա նշեց, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հաջորդ սերնդի՝ երիտասարդության հետ աշխատանքը, նրա ներգրավվածությունը ծրագրերում և տարեցների հետ աշխատանքի հատուկ ռազմավարությունը: Նրա համոզմամբ՝ Սփյուռքի խնդիրները դառնում են շատ ավելի կարևոր պետությունների, կառավարությունների համար: «Յուրաքանչյուր երկիր ունի սփյուռքի կապիտալ տարբեր մակարդակներում, որը կազմված է մարդկանցից, ցանցերից, կապերից, ֆինանսներից ու գաղափարներից», – նշեց Քինգսլի Այքինսը:
Բոլոր հարցերը ամփոփվեցին աշխույժ քննարկումներով ու հետաքրքիր առաջարկներով, նախանշվեցին հաջորդական քայլերը:
Նշենք, որ իռլանդական “Diaspora Matters” կազմակերպության գործադիր տնօրեն Քինգսլի Այքինսը 2011թ. հրատարակել է ձեռնարկ համաշխարհային սփյուռքի ռազմավարության վերաբերյալ: 2012թ. Վաշինգտոնում հանդես է եկել որպես բանախոս Հիլարի Քլինթոնի կազմակերպած սփյուռքի համաշխարհային ֆորումում և 2013թ. գլխավորել է Դուբլինում տեղի ունեցած Համաշխարհային սփյուռքի գիտաժողովը: