Սիրիայի Ղնեմիյե գյուղի հայկական գերեզմանատունը պղծվել է. տեսանյութ

Լիբանանյան «Ալմանար» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ «Ժապհաթ Նուսրա» խմբավորումը քանդել է Լաթաքիայի հյուսիսում գտնվող Ղնեմիյե գյուղի եկեղեցիները:
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ հղում կատարելով «ԵՌԱԳՈՒՅՆ» պարբերականին, լիբանանյան հեռուստաընկերության պատրաստած տեսանյութի հերոս Ժակը սիրիական բանակի կողմից գյուղի ազատագրումից հետո վերադառնում է իր տուն, որը ևս ավերակ է:
Գյուղի հայկական և ավետարանական եկեղեցիները դիտավորյալ քանդված են: Քանդված և պղծված են նաև գերեզմանատները: «Այս չարիքի հեղինակները թուրքերն են: Իսկ զինյալները թուրքերի կրկնօրինակն են, ովքեր չունեն կրոն ոչ երկրի վրա, ոչ էլ երկնքում»,-ասել է գյուղի հայ բնակիչներից մեկը:
«Հայերի դեմ թուրքերի ջարդերը կրկնվում են 21-րդ դարում. սա գյուղի բնակիչների կարծիքն է»,-եզրափակում է «Ալմանար»-ի լրագրողը: