«Հայոց հոգևոր և կրթական կյանքը Բուլղարիայում» գրքի շնորհանդես Սոֆիայում

Սոֆիայի հայկական ազգային տան դահլիճում տեղի ունեցավ «Հայոց հոգևոր և կրթական կյանքը Բուլղարիայում»  գիտաժողովի նյութերի ժողովածույի շնորհանդեսը՝ նվիրված Բուլղարիայի թեմի առաջին արքեպիսկոպոսի Ստեփաննոս Հովակիմյանի ընտրության 88-ամյակին և նրա մահվան 80-ամյակին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Գոհար Խնկանոսյանը Սոֆիայից:

2014 թվականին կայացած գիտաժողովին ներկայացված  նյութերը վերաբերում են Հայոց թեմի հիմնադրմանը, առաջնորդին, Բուլղարիայի տարբեր բնակավայրերում գոյություն ունեցած կամ մինչ այժմ գործող հայկական եկեղեցիներին, դպրոցներին և այլն: Պրոֆ. Խիտկո Վաչևի,  Մարկո Զլատևի, Օնիկ Փիլիբոսյանի, Կատալինա Սալտիրովա-Պավլովայի, Վարդանուշ Տոփակբաշյանի, Եոժենի Սակզի, Մասիս Խաջոլյանի, Ներսես Շիրինյանի, Օնիկ Գյուլյանի, Սոնա Արշավիրի, Սիրուհի Շեյթանյանի, Սիմոն Թյութելյանի, Գոհար Խնկանոսյանի, Էլիզաբետ Պողոսյանի, Արմանդ Բասմաջյանի, Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված թեմաները նկարագրում են Բուլղարիայում ապրող հայերի եկեղեցական, կրթական, մշակույթային հիմնախնդիրները:

Հեղինակներն արխիվային և պատմական փաստերի հիման վրա կամ լինելով անմիջական մասնակից մեր օրերի միջոցառումների՝ բացահայտում են համայնքի պատմությունն ու արդի  դրությունը, ինչը ժողովածուն դարձնում է ոչ միայն հետաքրքիր այլ նաև եզակի՝ իր բնույթով:

Շնորհանդեսին ելույթ ունեցան  Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը, պրոֆ. Գ. Մարդիրոսյանը, Օ. Փիլիբոսյանը, Վ. Տոփակբաշյանը, ներկաները:  Երեկոն ավարտվեց  տ. Գուսան քհն. Հադավյանի արտասանությամբ և Մարի Բասմաջյանի կողմից Եկմալյանի «Հրեշտակային երգ»-ի կատարմամբ:

2

Scroll Up