Անթիլիասի մայրավանքում քննարկել են Սիրիայում բնակվող հայության խնդիրները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսն Անթիլիասի մայրավանքում հանդիպում է ունեցել Բերիոյ Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Շահան Արք. Սարգիսյանի, Ազգային կենտրոնական վարչության և Բերիոյ թեմի ազգային վարչության ներկայացուցիչների հետ: Հանդիպում-խորհրդակցության նպատակը  Սիրիայում բնակվող հայության վերականգնողական աշխատանքներն էին: Այս մասին, ըստ «Հայերն այսօր»-ի, հայտնում են  կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից:

Վեհափառ Հայրապետը գնահատել է Սիրիայում բնակվող հայերի ամուր կապվածությունը Սիրիային և համայնքային կառույցներին՝ հակառակ շրջապատող աննպաստ պայմաններին: Արամ Առաջինը նաև կարևորել է առաջնորդ սրբազանի և ազգային մարմինների կատարած աշխատանքը, հայ ժողովրդի զավակներին օգնող մարմինների գործունեությունը: Վեհափառ Հայրապետը գնահատել է  Սիրիայում հայերի  միասնականությունը և կոչ արել գաղութին՝ միասնականորեն լծվելու վերականգնման աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ Սիրիայի հայկական համայնքը՝ որպես Սիրիայի կարևոր քրիստնյա համայնքներից, պետք է իր ամբողջական և գործուն մասնակցությունն ունենա Սիրիան ոտքի կանգնեցնող բոլոր աշխատանքներում:

Scroll Up