Երիտասարդական համահավաք` ընդդեմ Քեսաբում թուրքական ոճրագործության
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/boghok-3.jpg)
Երեքշաբթի` ապրիլի 15-ի առաւօտեան ժամը 11:00-ին, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ «Ռուբէն» երիտասարդական միութեան, երիտասարդական բողոքի համահաւաք կայացաւ Սպահան քաղաքի Մոթահառի կենտրոնական պողոտայի վրայ գտնւող «Turkish airlines» -ի գրասենեակի առջեւ` ի բողոք Թուրքիայի հովանաւորութեամբ Սիրիայի Լաթաքիա շրջանի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրայ կատարւող ռազմական գործողութիւնների եւ ի պաշտպանութիւն սիրիահայութեանը:
Շուրջ մէկ ժամ տեւողութեամբ համահաւաքի ընթացքում դատապարտանքի վանկարկումներով ու պաստառներով` բողոքարկողներն իրենց ցասման ու զայրոյթի ձայնը միացրին համայն հայութեան պահանջատենչ ձայնին: Համահաւաքի շարունակութեան մէջ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանն անդրադառնալով վերջերս Քեսաբում տեղի ունեցածին` կարեւորութեամբ ընդգծեց, որ հայը յարութիւն առնող ժողովուրդ է եւ նման երիտասարդներով կանգուն է եղել ու պէտք է յարատեւի` ի շահ մեր ընդհանուր գաղափարների ու պահանջատիրութեան£ Հայր Սուրբն աւելացրեց նաեւ, որ համայն հայութիւնը չի լռելու կատարւածի կապակցութեամբ եւ տէր է կանգնելու քեսաբահայութանն ու աջակցելու է նրանց£ Նա իր խօսքը եզրափակեց` պահաջելով թուրքից ծունկի գալ հայի առջեւ եւ ներողութիւն խնդրել կատարւածի համար:
Հայր Սուրբի խօսքին յաջորդեց օրւայ բանաձեւի ընթերցումը, որտեղ դատապարտելով Թուրքիայի ոտնձգութիւնները Սիրիայի` ի մասնաւորի Քեսապ քաղաքի նկատմամբ, ՄԱԿ-ից եւ մարդու իրաւունքները պաշտպանող միջազգային կազմակերպութիւններից պահանջւում էր կանխել Թուրքիայի աջակցութիւնն ու հովանաւորութիւնը տերորիստ-ծայրայեղական խմբաւորումների ոճրագործութիւնների իրականացման ուղղութեամբ, իսկ Իրանի պետութիւնից խնդրւում էր իր դիւանագիտական բոլոր հնարաւորութիւնները ի գործ դնել` տարածաշրջանի քրիստոնեաների ու մուսուլմանների խաղաղ համակեցութեան համար:
Մանրամասները` yerkir.am կայքում: