Թեհրանի Հայոց դպրոցների ուսուցիչները նշեցին Նոր տարին

Թ. Հ. Թեմի Կրթական Խորհրդի նախաձեռնությամբ եւ անցնող տարիների գեղեցիկ ավանդության համաձայն, Թեհրանի Հայոց Ազգային դպրոցների ուսուցիչները, շաբաթ հունվարի 23-ի երեկոյան «Ա. Ահարոնյան» մանկապարտեզի դահլիճում, Թեմիս Առաջնորդ` Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանի ներկայությամբ նշեցին Նոր Տարին եւ Աստվածահայտնության տոնը:  «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին գրում է Թեհրանի Առաջնորդարանի կայք-էջը:

Ծրագրում ներկա էին 32 հանգստի կոչված ուսուցչուհիներ, ներկա աշխատող 8 ուսուցիչ եւ 55 ուսուցչուհի, Կրթական Խորհրդի կազմի անդամների մեծամասնությունը:

Ծրագիրը սկսվեց ժամը 16:50-ին Սրբազան Հոր Տերունական աղոթքով, ապա հանուն Կրթական Խորհրդի` բացման խոսք ասաց տկն. Ժասմեն Մինասյանը, որը ողջունելով Սրբազան Հոր եւ ուսուցիչների ներկայությունը՝ հանդեսը վարելու համար հրավիրեց «Յ. Թովմասյան» դպրոցի փոխտեսչուհի տկն. Հրանուշ Սարգսյանին:

Ծրագրի ընթացքում արտահայտվեցին տարբեր դպրոցների փոխտեսուչ եւ փոխտեսչուհիներ, հանգստի կոչված եւ ներկայում աշխատող ուսուցիչներ, որոնք շնորհավորելով Նոր Տարին, իրենց մաղթանքները հղեցին ներկաներին, հայկական ջերմ մթնոլորտում կատարվեցին գեղեցիկ երգեր ու արտասանություններ` քաղցրավենիքներով եւ մրգերով զարդարված գեղեցիկ սեղանների շուրջ:

Ծրագրում իր ողջույնի եւ շնորհավորական խոսքն ասաց Կրթական Խորհրդի ատենապետ պրն. Սեւան Դանիելյանը:

Թեմակալ առաջնորդն իր եզրափակիչ խոսքում գործընկերներ անվանելով բոլոր ներկաներին եւ նշելով, որ ներկայիս նահանջ է ապրում հայերենի իմացությունը ամենուրեք` Հայաստանում թե Սփյուռքում, շեշտեց. «Այս համատարած հիվանդության բուժման համար «Արարատի» նման ամուր կամք պիտի ունենանք եւ դա բոլորիս համատեղ աշխատանքն է, որ գոնե չթողնել, որ ավելիով առաջանա»:

Scroll Up