Մեկ տասնամյակ, և հաջողություններ գրանցած նվագախումբ. Երիտասարդականը 10 տարեկան է

Ուղիղ 10 տարի առաջ` 2006 թվականի հունվարի 25-ին, առաջին անգամ հանրությանը ներկայացավ երիտասարդ ու հետաքրքիր հավակնություններ ունեցող նոր կոլեկտիվ:

18-ամյա Սերգեյ Սմբատյանի հիմնած Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ու նրա երիտասարդ կազմը կարճ ժամանակում կարողացավ իր ուրույն տեղը զբաղեցնել Հայաստանի երաժշտական ասպարեզում` հետագայում էլ դուրս գալով միջազգային հարթակներ: Նվագախմբի ստեղծման, հաջողությունների, հոբելյանի մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

Սերգեյ Սմբատյանը` նվագախումբ ստեղծելու գաղափարի մասին

Գաղափարը նոր չէր: Այն շատ բնական ընդունվեց իմ ընկերների կողմից: Բնական է, որ մարդիկ ուզում են ստեղծել ինչ-որ նոր բան: Երբ 18 տարեկան ես, միայն այդ ժամանակ կարող ես կուրորեն հավատալ այն հաջողությանը, որը 10 տարի առաջ հաշվարկելն անհնար էր:

Բոլորս միասին էինք սովորում, ապրում էինք նույն հետաքրքրություններով: Երբ ստեղծում ես նոր կոլեկտիվ, շատ կարևոր է, որ քեզ հետ լինեն մարդիկ, ովքեր իրար նման են մտածում մի գաղափարի մասին: Մենք ուզում էինք ապրել Հայաստանում և ուզում էինք ունենալ գործ: Կային երաժիշտներ, ովքեր ավարտում էին, լքում էին Հայաստանը: Ես դրան էլ դրական եմ նայում: Մենք մնացինք Հայաստանում, և 10 տարի անց զգում ենք, թե ինչ հաջողության ենք հասել:

Նվագախումբն ինքնաբուխ ստեղծվեց…

Աշխարհի նվագախմբերի մեծ մասն ստեղծվել է պետության կամ հիմնադրամների կողմից: Սկզբնական շրջանում 48 հոգի էինք, հիմա կազմը մեծացել է՝ 92 երաժիշտ: Այն լիդերները, որոնց շնորհիվ ստեղծվեց նվագախումբը, մինչև հիմա մեզ հետ են: Դա ամենակարևորն է: Արածն ավելի շատ է, քան պատկերացնում էինք սկզբում: Շատ ենք աշխատել, ավելի շատ պետք է աշխատենք: Բայց կրկնեմ` մեզ շատ օգնեց մեր տարիքը: Նվագախումբն անվճար էր աշխատում. մենք չէինք մտածում, որ մեր սիրած գործի համար պետք է գումար ստանանք: Մենք` երաժիշտներս, շատ երջանիկ մարդիկ ենք, մենք ապրում ենք մեր երկրում, անում ենք մեր սիրելի գործը, և պետությունն աջակցում է մեզ:

2008-ին նվագախումբը պետականի կարգավիճակ ստացավ

Երբ մենք ստացանք պետականի կարգավիճակ, նույնիսկ չգիտեինք` ինչ է դա նշանակում: Շատ դժվար է ստեղծել կոլեկտիվ, երեք տարվա ընթացքում ապացուցել, որ արհեստավարժ ենք:

Մեր պատմական համերգը տեղի ունեցավ Բեռլինում 2007 թվականին: Հոտնկայս ընդունելությունից հետո Կոնցերտհաուս (Konzerthaus) համերգասրահի տնօրենն ասաց, որ նման ընդունելություն տարիներ առաջ է տեսել: Բեռլինը դասական երաժշտության ոլորտում չափանիշային քաղաք է. հասկացանք, որ այն ամենը, ինչին հավատում էինք, ճիշտ էր, և մենք ճիշտ ուղու վրա ենք:

Հոբելյանական համերգ

Մեր հոբելյանին նվիրված գալա- համերգը տեղի կունենա հունվարի 25-ին: Մեզ համար շատ կարևոր է այս համերգը. Ամփոփում ենք մեր10 տարին, և նոր փուլ է մեկնարկում: Շատ կարևոր է սկզբունքային առումով, որ այդ համերգը դիտվի նաև որպես կատարած աշխատանքի արդյունք: Հոբելյանի առթիվ մեզ շնորհավորում են տարբեր արտիստներ` այդ թվում մեգաաստղ Սերժ Թանկյանը: Սա շատ բանի մասին է խոսում: Ես կարող եմ շատ լավ բաներ ասել նվագախմբի մասին, որովհետև նվագախմբով եմ ապրում: Իմ դրական լիցքերը բնական են, բայց եթե Սերժ Թանկյանի նման արտիստն է, տեսնելով մեր գործունեությունը և որակը, ասում` ինչու ոչ, համագործակցենք միասին, դա միջազգային հաջողության մեծագույն գրավական է, արդյունք:

Նոր փուլ, նոր տեսլական

Նվագախումբը պետք է ձևավորի ինչ-որ նոր ձևաչափ և շարունակի աշխատել: Մենք մեր երիտասարդական նվագախումբը նոր անուն կունենա: Մենք չենք անի այն, ինչ ընդունված է, ինչպես մեր այլ նախագծերի դեպքում է: Մեր անունը պետք է լինի յուրօրինակ: Հունվարի 25-ին ես պետք է հայտարարեմ նվագախմբի անունը: Ավելի քան վստահ եմ, որ այն միտքը, որ կառաջարկեմ, կլինի եզակի, աշխարհում նման բան չի լինի:

Քշիշտոֆ Պենդերեցկին հատուկ նվագախմբի համար Հայաստան է գալիս

Մաեստրո Պենդերեցկու գալը շատ կարևոր է: Ոչ ոք կասկածի տակ չի դնի այն փաստը, որ Պենդերեցկին այն երաժիշտն է, որ եթե չհավատար նվագախմբին ու նրա ապագային, երբեք չէր գա: Պենդերեցկին երևույ է, խորհրդանիշ, կենդանի լեգենդ, մեծագույն պարծանք: Երբ մտածում եմ, որ Հայաստան է գալու հատուկ մեզ համար, իմ մեջ անհավանական զգացում է առաջանում: Աներևակայելի ձեռքբերում:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ստեղծվել է 2005-ինՀիմնադիր ՍերգեյՍմբատյանըով առ այսօր գլխավորում է կոլեկտիվը որպես գեղարվեստական ղեկավար և գլխավորդիրիժորմիավորել է երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների: 2008-ին բարձր վարպետության ևարդի երաժշտության տարածման համար ՀՀ կառավարության որոշմամբ նվագախումբը ստանձնել էպետական կարգավիճակՆվագախումբը հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում ևերկրի սահմաններից դուրս:

Scroll Up