Մենք Մնացինք Հայաստանում, եւ 10 Տարի Անց Զգում Ենք, թէ Ինչ Յաջողութեան Ենք Հասել. Սերգէյ Սմբատեան՝ ՀՊԵՆ 10-ամեակին Առիթով

Ուղիղ 10 տարի առաջ` 2006 թուականի Յունուար 25-ին, առաջին անգամ հանրութեան ներկայացաւ երիտասարդ ու հետաքրքրական յաւակնութիւններ ունեցող նոր աշխատակազմ:

18-ամեայ Սերգէյ Սմբատեանի հիմնած Հայաստանի պետական երիտասարդական նուագախումբն ու անոր երիտասարդ կազմը կարճ ժամանակի ընթացքին կարողացաւ իր ուրոյն տեղը զբաղցնել Հայաստանի երաժշտական ասպարէզին մէջ` յետագային ներկայանալով միջազգային հարթակներ: Նուագախումբի ստեղծման, յաջողութիւններու, յոբելեանի մասին Armenpress.am-ը զրուցած է ՀՊԵՆ գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար Սերգէյ Սմբատեանի հետ:

 «Գաղափարը նոր չէր: Այն շատ բնական ընդունուեց իմ ընկերների կողմից: Բնական է, որ մարդիկ ուզում են ստեղծել ինչ-որ նոր բան: Երբ 18 տարեկան ես, միայն այդ ժամանակ կարող ես կուրօրէն հաւատալ այն յաջողութեանը, որը 10 տարի առաջ հաշուարկելն անհնար էր:

«Բոլորս միասին էինք սովորում, ապրում էինք նոյն հետաքրքրութիւններով: Երբ ստեղծում ես նոր կոլեկտիւ, շատ կարեւոր է, որ քեզ հետ լինեն մարդիկ, ովքեր իրար նման են մտածում մի գաղափարի մասին: Մենք ուզում էինք ապրել Հայաստանում եւ ուզում էինք ունենալ գործ: Կային երաժիշտներ, ովքեր աւարտում էին, լքում էին Հայաստանը: Ես դրան էլ դրական եմ նայում: Մենք մնացինք Հայաստանում, եւ 10 տարի անց զգում ենք, թէ ինչ յաջողութեան ենք հասել»,- ըսած է Սերգէյ Սմբատեանը` խօսելով նուագախումբ ստեղծելու գաղափարի մասին:

Ան նշած է, որ աշխարհի նուագախումբերուն մեծ մասը ստեղծուած է պետութեան կամ հիմնադրամներու կողմէ: «Սկզբնական շրջանում 48 հոգի էինք, հիմա կազմը մեծացել է` 92 երաժիշտ: Այն լիտէրները, որոնց շնորհիւ ստեղծուեց նուագախումբը, մինչեւ հիմա մեզ հետ են: Դա ամենակարեւորն է: Արածն աւելի շատ է, քան պատկերացնում էինք սկզբում: Շատ ենք աշխատել, աւելի շատ պէտք է աշխատենք: Բայց կրկնեմ` մեզ շատ օգնեց մեր տարիքը: Նուագախումբն անվճար էր աշխատում. մենք չէինք մտածում, որ մեր սիրած գործի համար պէտք է գումար ստանանք: Մենք` երաժիշտներս, շատ երջանիկ մարդիկ ենք, մենք ապրում ենք մեր երկրում, անում ենք մեր սիրելի գործը, եւ պետութիւնն աջակցում է մեզ»,- նշած է Սերգէյ Սմբատեանը:

2008-ին նուագախումբը ստացած է պետականի կարգավիճակ։ Երիտասարդ խմբավարը նշած է, թէ երբ իրենք պետականի կարգավիճակ ստացած են, նոյնիսկ չեն գիտցած, թէ ատիկա ինչ կը նշանակէ: «Շատ դժուար է ստեղծել կոլեկտիւ, երեք տարուայ ընթացքում ապացուցել, որ արհեստավարժ ենք»,- ընդգծած է ան:

Նուագախումբի պատմական համերգը տեղի ունեցած է Պեռլինի մէջ 2007 թուականին: Յոտնկայս ընդունելութենէ ետք Կոնցերտհաուս (Konzerthaus) համերգասրահի տնօրէնը ըսած է, որ նման ընդունելութիւն տեսած է տարիներ առաջ: «Պեռլինը դասական երաժշտութեան ոլորտում չափանիշային քաղաք է. հասկացանք, որ այն ամէնը, ինչին հաւատում էինք, ճիշդ էր, եւ մենք ճիշդ ուղու վրայ ենք»,- զրոյցի ընթացքին նշած է Սերգէյ Սմբատեան:

Այնուհետեւ, անդրադառնալով յոբելինական համերգին՝ ՀՊԵՆ-ի խմբավարը նշած է, թէ իրենց յոբելեանին նուիրուած կալա-համերգը տեղի պիտի ունենայ Յունուար 25-ին: «Մեզ համար շատ կարեւոր է այս համերգը. Ամփոփում ենք մեր 10 տարին, եւ նոր փուլ է մեկնարկում: Շատ կարեւոր է սկզբունքային առումով, որ այդ համերգը դիտուի նաեւ որպէս կատարած աշխատանքի արդիւնք: Յոբելեանի առթիւ մեզ շնորհաւորում են տարբեր արտիստներ` այդ թւում մէգաաստղ Սերժ Թանկեանը: Սա շատ բանի մասին է խօսում: Ես կարող եմ շատ լաւ բաներ ասել նուագախմբի մասին, որովհետեւ նուագախմբով եմ ապրում: Իմ դրական լիցքերը բնական են, բայց եթէ Սերժ Թանկեանի նման արտիստն է, տեսնելով մեր գործունէութիւնը եւ որակը, ասում` ինչու ոչ, համագործակցենք միասին, դա միջազգային յաջողութեան մեծագոյն գրաւական է, արդիւնք»,- ըսած է Սբմատեանը:

Խօսելով նուագախումբի նոր փուլ անցնելու մասին, երիտասարդ խմբավարը նշած է, թէ նուագախումբը պէտք է ձեւաւորէ որեւէ նոր ձեւաչափ եւ շարունակէ աշխատիլ: «Մեր երիտասարդական նուագախումբը նոր անուն կ’ունենայ: Մենք չենք անի այն, ինչ ընդունուած է, ինչպէս մեր այլ նախագծերի դէպքում է: Մեր անունը պէտք է լինի իւրօրինակ: Յունուարի 25-ին ես պէտք է յայտարարեմ նուագախմբի անունը: Աւելի քան վստահ եմ, որ այն միտքը, որ կ’առաջարկեմ, կը լինի եզակի, աշխարհում նման բան չի լինի»,- ընդգծած է ան:

Սերգէյ Սմբատեան նաեւ նշած է, թէ Քշիշթոֆ Բենտերեցգին յատուկ նուագախումբի համար Հայաստան կու գայ։

«Մաեսթրօ Բենտերեցգու գալը շատ կարեւոր է: Ոչ ոք կասկածի տակ չի դնի այն փաստը, որ Բենտերեցգին այն երաժիշտն է, որ եթէ չհաւատար նուագախմբին ու նրա ապագային, երբեք չէր գայ: Բենտերեցգին երեւույթ է, խորհրդանիշ, կենդանի լեգենդ, մեծագոյն պարծանք: Երբ մտածում եմ, որ Հայաստան է գալու յատուկ մեզ համար, իմ մէջ անհաւանական զգացում է առաջանում: Աներեւակայելի ձեռքբերում»,- նշած է Սերգէյ Սմբատեանը:

Հայաստանի պետական երիտասարդական նուագախումբը ստեղծուած է 2005-ին: հիմնադիր Սերգէյ Սմբատեանը, որ առ այսօր կը գլխաւորէ կազմը իբրեւ գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար, միաւորած է երիտասարդ ու տաղանդաւոր երաժիշտներ: 2008-ին բարձր վարպետութեան եւ արդի երաժշտութեան տարածման համար՝ ՀՀ կառավարութեան որոշումով՝ նուագախումբը ստանձնած է պետական կարգավիճակ: Նուագախումբը հանդէս եկած է բազմաթիւ համերգներով Հայաստանի եւ արտերկրի մէջ:

Scroll Up