Ամալ Քլունիին ադրբեջանական մամուլը մեղադրում է հայ լինելու մեջ

Ադրբեջանական պրոիշխանական մամուլը մեղադրում է իրավապաշտպան Ամալ Քլունիին Հադիջա Իսմայելովայի շահերի պաշտպանությունը Եվրոպական դատարանում ստանձնելու համար: Այս մասին Panorama.am-ի փոխանցմամբ՝ գրում է բրիտանական «The Guardian» պարբերականը

Պարբերականը նշում է, որ հայտնի փաստաբանը և «Media Legal Defence»  նախաձեռնությունը  համաձայնել են վիճարկել ադրբեջանցի հետաքննող լրագրող Հադիջա Իսմայելովայի ձերբակալությունը՝ ընդգծելով, որ մինչ դատարանի վերջնական որոշումը նրան կալանքի տակ պահելը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին:

«Ադրբեջանական մամուլը, որը գրեթե միշտ հանդես է գալիս որպես իշխանությունների խոսափող, մեղադրանքներ է հնչեցնում Քլունիի հասցեին՝ իբրև Կենտրոնական Ասիայի երկրների դեմ վրեժխնդրություն իրականացնողի»,- գրում է պարբերականը:

«The Guardian»-ը մեջբերում է ադրբեջանական մամուլի այն հրապարակումները, որոնցում Քլունիին մեղադրում են ծագումով հայ լինելու և Եվրոպական դատարանում հայերի շահերը պաշտպանելու մեջ:

Պարբերականի դիտարկմամբ՝ ադրբեջանական մամուլի հարձակումները Ամալ Քլունիի վրա պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջինս եղել է նաև ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որպես երրորդ կողմ հանդես եկող հայկական կողմի շահերի պաշտպան:

Scroll Up