Հայկական կոշիկ արտադրողներն առաջին անգամ մասնակցում են «MOSSHOES-2016» միջազգային ցուցահանդեսին

Հայաստանի զարգացման հիմնադրամը հայաստանյան յոթ ընկերությունների հետ համատեղ  առաջին անգամ ներկայացնում են Հայաստանը հունվարի 19-22-ը Մոսկվայում տեղի ունեցող «MOSSHOES-2016» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:

Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցում են կոշիկ եւ կաշվե պարագաներ արտադրող ավելի քան 500 առաջատար ընկերություններ շուրջ 30 երկրներից, իսկ ցուցահանդեսի միջին այցելությունը կազմում է 10-12 հազար մարդ, որը հիմնականում կազմված է մասնագետներից, առեւտրային ցանցերի ներկայացուցիչներից ու մեծածախ գնորդներից:

Արեւելյան Եվրոպայի խոշորագույն մասնագիտացված այս ցուցահանդեսում իրենց արտադրանքը ներկայացնում են կոշիկ եւ կաշվե պարագաներ արտադրող հայաստանյան «Զեննի», «Էլեն 93», «Արմո Գրուպ», «Մաքսոլ», «Բաբիննի», «Բենիտո» ընկերությունները եւ ԱՁ «Արմեն Սրապյանը»: Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է կազմակերպվել նաեւ հատուկ գործարար ծրագիր, որը մասնակիցներին հնարավորություն կտա ստանալ մասնագիտական աջակցություն եւ ընդլայնել արտահանման հնարավորությունները:

«Եթե դիտարկենք ցուցահանդեսի մասնակիցների աշխարհագրությունը, շուկայի ընդգրկումը, ապա վստահաբար կարելի է ասել, որ այն շատ արդյունավետ հարթակ է հայկական արտադրողների եւ մեծածախ գնորդ-կազմակերպությունների համար գործնական պայմանավորվածությունների ձեռքբերման, արտահանման հնարավորթյուների դիվերսիֆիկացման եւ նոր պայմանագրերի կնքման համար: Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպել է արտահանման խթանման, մեր արտադրանքի ճանաչելիության բարձրացման եւ ամրապնդման նպատակով»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Scroll Up