Թուրքիայում ազգային փոքրամասնություններին ուղղված բարեփոխումների փաթեթ է մշակվում

Թուրքիայի վերաբերյալ պարբերաբար հնչող մարդու հիմնարար իրավունքների խախտման մեղադրանքներին ի պատասխան երկրի կառավարությունը հապշտապ ձեռնամուխ է եղել բարեփոխումների փաթեթի մշակմանը, գրում է ermenihaber.am-ը:
Թուրքական «Sondakika» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նշյալ բարեփոխումների թվում տեղ են գտել Թուրքիայի ազգային փոքրամասնություններին ուղղված որոշ զիջումներ:
Մասնավորապես, Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագներն այսուհետև կարող են մատուցվել ոչ թե տարին մեկ անգամ, այլ՝ ըստ անհրաժեշտության, ցանկացած ժամանակ: Միջանկյալ նշենք, որ Սուրբ Խաչ եկեղեցում վերջին 5 տարվա ընթացքում Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ տարեկան 1 անգամ էր պատարագ մատուցվում: Այժմ նախատեսվում է վերացնել այդ սահմանափակումը:
Փոփոխություններ կկատարվեն նաև ազգային փոքրամասնություններին պատկանող անշարժ գույքի վերադարձման գործընթացում: (Խոսքը ցեղասպանության զոհերի ժառանգներին իրենց պապերի ունեցվածքի վերադարձման մասին է-խմբ.) Միջոցներ կձեռնարկվեն գործընթացն արագացնելու և արհեստական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:
Նույն աղբյուրի համաձայն՝ բարեփոխումների փաթեթի շրջանակներում նախատեսվում են նաև քրդերի համար ծրագրվող փոփոխություններ: Քննարկվելու է ինքնաթիռներում քրդերեն ծանուցումներ կատարելու, բնակավայրերի անունների փոփոխման կարգն արագացնելու, որոշ վայրերում քրդերեն ցուցանակների տեղադրման նպատակահարմարթյունը: Նշվում է, որ քրդերեն կրթության հետ կապված հարցեր այս փաթեթի շրջանակներում չեն քննարկվելու: