«Դրախտը քո մեջ պետք է փնտրես և այն վայրում, որտեղ ապրում ես և արարում». Լևոն Էսկենյան

Hayernaysor.am-ը զրուցել է լիբանանահայ երաժիշտ Լևոն Էսկենյանի հետ:1996 թվականին, անտեսելով Հայաստանի դժվարին պայմանները, նա որոշեց հաստատվել Հայրենիքում: Հայրենադարձության նպատակը հայկական մաքրամաքուր երաժշտությունը ուսումնասիրելու մեծ ցանկությունն էր:
Լևոնը Հայաստանում խորը արմատներ գցեց. նախ ստեղծեց «Գյուրջիև» խումբը, որը կարճ ժամանակում ճանաչում ձեռք բերեց նաև Սփյուռքում, արժանացավ աշխարհի ամենահեղինակավոր չորս մրցանակներից մեկին՝ «Edison Award»-ին, և ամենակարևորը՝ Մայր Հայրենիքում ընտանիք կազմեց:
-Լևո՛ն, երիտասարդ հասակում եք հայրենադարձվել: Ի՞նչն էր այդ տարիքում նման որոշում կայացնելու պատճառը: Այն նախապես որոշված քա՞յլ էր, թե՞ հոգու կանչ:
-Ինձ Հայաստան է վերադարձրել երաժշտությունը: Երաժշտությամբ հետաքրքրվել եմ դեռ մանկուց: Հայ լինելով, միշտ հայկական երաժշտություն լսելով՝ ցանկացա երաժշտական կրթությունս այստեղ շարունակել. դա էր հայրենադարձվելուս պատճառը: 1996 թվականին՝ տասնութ տարեկանում, Հայրենիք վերադարձա: Գալով Հայաստան` ամեն ինչ նոր էջից եմ սկսել: Ծնողներս նույնպես քաջալերեցին ինձ և վստահելով ուժերիս՝ համաձայնեցին, որ հայրենադարձվեմ:
-Երաժշտական կրթությունը որտե՞ղ եք ստացել:
– Երաժշտական նախնական կրթությունը ստացել եմ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի դաշնամուրային բաժնում, բարձրագույն կրթությունը շարունակեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ դարձյալ դաշնամուրային բաժնում: Հաճախել եմ նաև երգեհոնի և կոմպոզիցիայի դասընթացների: 2005 թվականին ուսումս ավարտելով՝ մտածում էի այն շարունակել Գերմանիայում: Սակայն տարբեր հարցերի պատճառով անընդհատ ձգձգվում էր մեկնելս: Գուցե նախախնամություն էր դա, չգիտեմ:
Հասկացա, որ Հայաստանից չեմ կարող հեռու գտնվել. ծրագրեր ունեի, ապագաս Հայաստանում էի տեսնում, ուստի հետ կանգնեցի որոշումիցս: Հիմա, անկասկած, կարող եմ ասել, որ չմեկնելը ճիշտ ընտրություն էր:
Այնուհետև կրթությունս շարունակեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ կրկին դաշնամուրային բաժնում, որն ավարտեցի 2007 թվականին:
2005-2014 թվականներին «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավարն եմ եղել: Տարվա կտրվածքով 200-ից ավելի միջոցառում էի կազմակերպում: Այդ տարիներին շատ էր շփումը հայաստանյան, սփյուռքյան և արտերկրյա արվեստագետների հետ: «Նարեկացի» արվեստի միությունում աշխատելն ինձ համար կյանքի դպրոց դարձավ:
-18 տարեկանում արդեն միայնակ եք ապրել: Դժվար չէ՞ր:
-Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես վերաբերվում դժվարություններին և ինչքանով ես այն քոնը համարում:Գիտակցաբար եմ մոտեցել այդ ամենին՝ մտածելով, որ ամեն բան անցողիկ է:
Փորձել եմ դժվարություններից խնդիրներ չստեղծել: Իհարկե, խնդիրներն անխուսափելի են եղել, որոնց լուծման համար ուղիներ եմ որոնել:
-Լևո՛ն, հե՞շտ էր Հայաստանում շփվել մարդկանց հետ և ընկերական հարաբերություններ ձևավորել:
-Սկզբնական շրջանում ապրել եմ ուսանողական հանրակացարանում, որտեղ Հայաստանի տարբեր մարզերից և Սփյուռքից ժամանած երիտասարդներ էին գտնվում: Պատկերացրեք՝ միևնույն միջավայրում էին հավաքվել տարբեր բարբառներով խոսող, տարբեր մտածելակերպ ունեցող մարդիկ, որոնց հետ ուզած թե չուզած՝ համակերպվել և շփման եզրեր էր անհրաժեշտ գտնել: Դա կարևոր փորձաշրջան էր ինձ համար, որը պատվով հաղթահարեցի:
Ընկերական շրջապատ ձևավորել եմ դեռևս ուսանողական տարիներից: Շատ մարդկանց հետ ծանոթացա նաև «Նարեկացի» արվեստի միությունում աշխատելու տարիներին: Օրվա ընթացքում տասից ավելի արվեստագետի հետ եմ շփվել, որի արդյունքում և ծնվում էր մտերմություն: Այդ շփումներն էլ ինձ օգնեցին, որ միջազգային հարթակներում կարողանամ ներկայանալի լինել:
– Հայաստան կատարած առաջին այցելությունից ի՞նչ հիշողություններ են պահպանվել:
-Հայաստանի ջուրը… Հիշում եմ՝ խմելով չէի հագենում: Անընդհատ սառը ջուր էի խմում:
-Իսկ ո՞րն է Ձեր երազանքի Հայաստանը:
-Նախ սփյուռքահայերին պետք է ներգրավվել Հայաստանի զարգացմանն ուղղված տարբեր նախագծերում և նրանց համար շահավետ համագործակցության դաշտ ստեղծել: Յուրաքանչյուր հայ իր հնարավորության սահմաններում պետք է աջակցի Հայաստանի զարգացմանը՝ իհարկե, առանց որևէ ակնկալիքի: Հայրենիքին օգտակար լինել՝ նշանակում է ինքդ քեզ օգտակար լինել: Եթե բոլորս մեր մտքում վառ պահենք այս գաղափարը, ապա այն կօգնի հայ մնալ և սեփական դիմագիծը չկորցնել:
Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի բարգավաճման համար: Մեր ունեցած ռեսուրսները ճիշտ օգտագործելով՝ կարող ենք միասնական ուժերով ծաղկեցնել մեր երկիրը:
Սփյուռքում հաճախակի լինելով՝ տեսնում եմ, որ այնտեղ հսկայական ներուժ կա, որոնց անհրաժեշտ է ներգրավվել Հայաստանում կազմակերպվող ծրագրերին: Սա է իմ երազանքի Հայաստանը:
– Այժմ խոսենք «Գյուրջիև» խմբի մասին:
-Գլխավոր նպատակը հայկական երաժշտությունը պահպանելը և տարածելն է: Ցանկանում էի նաև որևէ գործ ձեռնարկել և առաջ ընթանալ: Խումբը ստեղծեցի 2008 թվականին՝ նպատակ ունենալով հայ մեծանուն փիլիսոփա և երաժիշտ Գ.Ի. Գյուրջիևի և Կոմիտասի ստեղծագործությունների հիման վրա ներկայացնել հայկական էթնիկ երաժշտությունը և իմ գործիքավորումները: Խմբի կազմում ընդգրկված են Հայաստանի առաջատար 11 երաժիշտներ: Ժամանակի ընթացքում խումբը ճանաչում և համբավ ձեռք բերեց, որից հետո սկսեցինք տարբեր միջազգային փառատոների մասնակցելու հրավերներ ստանալ: Մեր թիրախը հիմնականում օտար հանդիսատեսն է, քանի որ գործունեության նպատակը հայկական մշակույթն այլազգի ունկնդրին ճանաչելի դարձնելն է: Մեծ պատիվ էր լսել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գովեստի խոսքերը խմբի գործունեության վերաբերյալ: Ինչը նաև մեզ պարտավորեցնում է:
Հիմնադրման առաջին տարիներից խումբը բեղուն գործունեություն է ծավալել. 2011 թվականին գերմանական հայտնի ECM ձայնագրման ընկերությունը թողարկեց «Գյուրջիև» խմբի «Ջորջ Գյուրջիևի երաժշտությունը» ձայնասկավառակը:
Ալբոմը աննախադեպ հաջողություններ ունեցավ. աշխարհի ամենակարևոր ռադիոկայանների կողմից այն ընտրվեց իբրև շաբաթվա ձայնասկավառակ և 2012 թվականին Հոլանդիայում մեզ հանձնվեց Edision Award մրցանակը, որն աշխարհի 4 ամենահեղինակավոր մրցանակներից է: Այս մրցանակը ժամանակին նաև Շառլ Ազնավուրն է ստացել:
Ձայնասկավառակի թողարկումից հետո սկսեցինք պարբերաբար համերգներով շրջագայել Եվրոպայում, Ասիայում և Ավստրալիայում: «Գուրջիև» խումբը համերգներով շրջագայել և ելույթներ է ունեցել մի շարք հայտնի սրահներում և միջազգային փառատոններում, եղել է Լիբանանում, Գերմանիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Իտալիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Բելգիայում, Պորտուգալիայում, Հոլանդիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ավստրալիայում և Հայաստանում:
Համույթի համար կարևոր նշանակություն ունեցավ Շվեյցարիայում ձայնագրված նոր ձայնասկավառակը` «Komitas-The Gurdjieff Ensemble-Levon Eskenian» անվանումով, որը ECM records ընկերությունը 2015 թվականի հոկտեմբերին թողարկեց :
Ձայնասկավառակին անդրադարձել են աշխարհի լավագույն, առաջատար լրատվամիջոցները. Songlines Magazine հանդեսն է այն ընդգրկել 2015 թվականի 10 լավագույն ձայնասկավառակների շարքում, իսկ այդ ձայնասկավառակի ստեղծագործությունները հնչում են British Airways ավիաընկերության ինքնաթիռներում:
«Գյուրջիև» խումբը ևս անմասն չմնաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից: 2015 թվականի ընթացքում ոգեկոչման համերգներ ունեցանք Ցյուրիխում, Բուխարեստում, Բրազիլիայում, Բուենոս Այրեսում, Կորդոբայում:
-Հաճախ եք լինում Սփյուռքի հայ համայնքներում: Ըստ Ձեզ՝ մեր հայրենակիցներն այսօր ի՞նչ խնդիրների առջև են բախվում:
-Ցավոք, սփյուռքահայերից շատերը մեկուսացած են Հայաստանից, հայերենը գրեթե մոռացել են: Հատկապես նրանց պետք է ուշադրության կենտրոնում պահել և աջակցել:
Գերակա խնդիր է Սփյուռքում Մայրենիի պահպանման, տարածման և զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքերը՝ հատկապես երիտասարդների շրջանում: Նրանց ամեն քայլափոխի պետք է հիշեցնել սեփական լեզվի մասին, քանի որ հենց նրանք են հայկական մշակույթի վաղվա պահապանները: Այս պարագայում միայն հայը հայ կմնա և ուծացմանը կուլ չի գնա:
–Մեր զրույցի վերջում ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր լքում են Հայաստանը և օտար ափերում բախտ որոնում:
-Իմ սեփական օրինակը կարող եմ բերել: Ես հսկայական կարողությունների տեր սփյուռքահայ չեմ, որը որոշել է պարզապես Հայաստանում ապրել: Այստեղ եմ ընտանիք կազմել, երեխա ունեցել: Հեշտ է այլ վայրերում դրախտ փնտրելը: Դրախտը քո մեջ պետք է փնտրես և այն վայրում, որտեղ ապրում ես և արարում: Պարզապես խորհուրդ կտամ մինչև մեկնելը մի լավ մտածել, նոր այդ քայլին դիմել:
Սփյուռքում հայերի եմ հանդիպում, որոնք տարիներ առաջ են հեռացել Հայաստանից և մինչև հիմա փախստականի կարգավիճակով են ապրում. ոչ մի առաջընթաց չեն ունեցել իրենց կյանքում և հաջողության չեն հասել: Ու՞մ է պետք այդ կենսակերպն ու կորցրած տարիները: Դա է օտարության «քաղցրությունը»:
Մեծ ցավ եմ ապրում հատկապես մեր երիտասարդների համար, որոնք հուսահատության մեջ հայտնվելով, լքում են Հայաստանը: Թո՛ղ բոլորն էլ իմանան՝ որտեղ էլ գնաս, Հայաստանից լավ տեղ չկա:
Սիրում եմ Հայաստանը՝ իր թերություններով և առավելություններով հանդերձ: Այն միայն զգայական դաշտի վրա չի գտնվում, նաև գիտակից և զգացական տիրույթում է: Շատ երկրներում ենք շրջագայում, որի ժամանակ կարոտում եմ Հայաստանը և մեկ րոպե առաջ վերադառնալ եմ ուզում:
Ես հայ արվեստագետ եմ, իմ սնուցման աղբյուրը հայկական մշակույթն է, իսկ դա նշանակում է, որ պետք է ապրեմ և ստեղծագործեմ Հայաստանում՝ ի շահ համայն հայության:
Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի