Լաթաքիայում կեղծ պետություն ստեղծելու Մոսկվայի պլանների մասին Էրդողանի հայտարարությունը կատարյալ հիմարություն է. Ռուսաստանի ԱԳՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը ծրագրում է սիրիական Լաթաքիայում կեղծ պետություն ստեղծել, լիակատար հիմարություն է: Անկարան ուղղակի ցանկանում է իր վրայից հանել կասկածներն այն մասին, որ միջամտում է Սիրիայի ներքին գործերին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆի աղբյուրը:
Աղբյուրի խոսքով` ակնհայտ է այն, որ Անկարան փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումն օգտագործել այն բանի համար, որպեսզի Թուրքիայի վրայից հանի սիրիական գործերի մեջ միջամտող երկիր լինելու մեղքը, ցույց տալով, որ իբր դրանց միջամտում է ռուսաստանյան կողմը:
«ՌԴ ղեկավարությունը տարիներ շարունակ հայտարարել է, որ Սիրիան պետք է լինի ինքնիշխան, դեմոկրատական, աշխարհիկ եւ ամբողջական պետություն», ասել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ ներկայում Ռուսաստանը ջանքեր է գործադրում Լաթաքիայում եւ նրա շրջակայքում սիրիական պետության կազմում իր գոտին ստեղծելու ուղղությամբ: