Մոնտենեգրոյում բացվել է «Անի» հայերի միությունը

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքի Պորտ Ռոյալ համալիրում 2015թ. դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Մոնտենեգրոյի «Անի» հայերի միության պաշտոնական բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել Բուդվայի քաղաքապետ Սրջան Պոպովիչը, Մոնտենեգրոյում ռուսական, ղազախական, հրեական և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ռուսագիր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Միության հիմնադիր Աննա Պետրոսյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել հյուրերին միջոցառմանը ներկա գտնվելու համար, այնուհետ ընթերցել ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական ուղերձը, ինչպես նաև Իտալիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հայ համայնքների ներկայացուցիչներից ստացված ողջույնի խոսքերն՝ ուղղված Մոնտենեգրոյի «Անի» հայերի միությանը:
Միության նպատակն է համախմբել տեղի հայ համայնքն՝ ի նպաստ Հայաստանի և Մոնտենեգրոյի մշակութային և տնտեսական կապերի, ինչպես նաև Մոնտենեգրոյի և Եվրոպայի այլ հայկական համայնքների միջև համագործակցության հաստատման ու ամրապնդման: