ՈՍՏԱՅՆ-ը սիրիահայ մանուկների կողքին

Համախմբել երիտասարդությանը՝ նրանց ներուժն ի սպաս դնելով հանրօգուտ գործունեությանը, իրավ, բարձր գնահատանքի արժանի ծառայություն է:

Դեկտեմբերի 26-ին Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի (ՈՍՏԱՅՆ) նախաձեռնությամբ կյանքի կոչվեց «Christmas bank» խորագրով ծրագիրը, որի նպատակն էր նվերներ մատուցելով՝ հիշարժան Ամանոր պարգևել սիրիահայ մանուկներին:

Ծրագիրն իր շուրջը համախմբեց մի շարք երիտասարդների, ովքեր ի աջակցություն ծրագրի կյանքի կոչմանը մարդասիրական աջակցություն ցուցաբերեցին:

Իր հերթին նախաձեռնությանը միացան «Երևանյան կիսամարաթոն»-ի անձնակազմը և Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը:

Ծրագրի շրջանակում հավաքագրված նվերները փաթեթավորվեցին և դեկտեմբերի 26-ին՝ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Տաքուկ Ամանոր» ծրագրի շրջանակում հատկացվեցին 20 սիրիահայ մանուկներին:

ՈՍՏԱՅՆի «Christmas bank» խորագրով ծրագիրը խոստանում է կրել ամենամյա բնույթ և հնարավորությունների սահմաններում ընդլայնել նվերների հասանելիությունը՝ ծրագրում ընդգրկելով մեծաթիվ մանուկների:

Հիշեցնենք՝ Համաշխարհահային հայկական երիտասարդական ոստայնը (ՈՍՏԱՅՆ) հիմնադրվել է 2006թ-ին և միավորում է աշխարհի տարբեր երկրներում գործող 28 հայկական երիտասարդական կազմակերպությունների: ՈՍՏԱՅՆ-ը ծառայելով հարթակ ազգային ինքնության պահպանման և հայ երիտասարդության հավաքական ուժի վերհանման ու զորեղացման համար՝ բարձրացնում է Սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդների դերն իրենց համայնքներում, խթանում նրանց մասնակցությունը ժողովրդավարական քաղաքացիության և որոշումների կայացման գործընթացներում:

Scroll Up