Բուլղարիայում թուրք գործիչը հեռացվել է կուսակցության նախագահությունից Թուրքիային պաշտպանելու համար

Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո լարված ռուս­ թուրքական հարաբերությունները նոր սկանդալի պատճառ են դարձել Բուլղարիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, Բուլղարիայի «Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցության նախագահը հեռացվել է պաշտոնից այն բանի համար, որ ռուսական ինքնաթիռի կործանման հարցում աջակցություն է հայտնել Թուրքիային:

Կուսակցության նախագահ, ազգությամբ թուրք Լյութվի Մեսթանի կողմից ռուսական ինքնաթիռի կործանման հարցում Թուրքիային իր աջակցությունը հայտնելու վերաբերյալ հայտարարության ընթերցումը զայրացրել է կուսակցության պատվավոր նախագահ Ահմեթ Դողանին:

Վերջինս հրավիրել է կուսակցության խորհրդի նիստ և հեռացրել է Մեսթանին պաշտոնից: Լյութվի Մեսթանը, ով զրկվել է անվտանգության աշխատակիցներից, ապաստան է խնղրել Սոֆիայում Թուրքիայի դեսպանատնից և իր երեխաների հետ տեղափոխվել այնտեղ: Հաղորդվում է, որ խնդրին խառնվել է նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով զանգահարել է Բուլղարիայի իր պաշտոնակցին ու խնդրել աջակցել Մեսթանին: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտնել է, որ որևէ կողմին չի աջակցելու:

Նոյեմբերի 24-­ին ռուսաստանյան Սու­24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք­երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու­24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:

«Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել»,­ասել է Պուտինը:

Scroll Up