ՀՀ սփյուռքի նախարարությունն ամփոփում է. հրատարակություններ-2015

2015 թվականին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ 10-ը նոր գիրք  է հրատարակվել՝ շարունակելով արդեն ավանդույթ դարձած համագործակցությունը հայագիտական ուղղվածություն ունեցող գիտական կենտրոնների ու անվանի գիտնականների հետ: ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման առաջին իսկ օրերից Նախարարությունն ակտիվ ու արդյունավետ համագործակցում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, առավելապես ակադեմիայի 5-6 ինստիտուտների հետ: ԵՊՀ-ն, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը և ԵՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնները նույնպես Սփյուռքի նախարարության գործընկերներն են և նախանձախնդրորեն են վերաբերվում նրա կողմից տրվող դրամաշնորհներին:

2015 թվականին Սփյուռքի նախարարությունը շարունակել է գիտական ուսումնասիրությունների հրատարակումը Սփյուռքը խորապես ճանաչելուն, հայ համայնքների հիմնախնդիրները վերհանելուն և դրանց լուծման նպատակով ծրագրերի մշակմանն ու կյանքի կոչմանը: Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, անշուշտ,  հրատարակություններում չէին կարող չլինել Ցեղասպանությանն առնչվող հրատարակություններ, որոնք Ցեղասպանության փաստը ներկայացնում են գիտական ուսումնասիրությունների ու համապարփակ ուսումնասիրությունների տեսքով:

Իրավական օգնություն սփյուռքահայերին

ՀՀ սփյուռքի նախարարության Իրավաբանական վարչության կողմից պատրաստված այս գրքույկը ներառում է 10-ը հիմնական ոլորտներ, որոնց հետ կապված սփյուռքահայերը հարցեր, խնդիրներ են ունենում: Օտարերկրացիների իրավունքները Հայաստանի Հանրապետությունում, կացություն, զինապարտություն, մաքսային արտոնություն, կրթություն, աշխատանքային գործունեություն, բժշկական օգնություն, գործարարություն, հարկեր. ահա այն տասը ոլորտները, որոնց անդրադառնում է այս գրքույկը: Ի դեպ, յուրաքանչյուր գլխի վերջում ներկայացված են թեժ գծի համարներ, հետադարձ կապ հաստատելու տվյալներ, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանում գտնվող սփյուռքահայերին:

 

Դանիէլեան Ս., Սփիւռքահայ գրականութեան նուաճումները եւ զարգացման միտումները (1920-1960-ական թթ.), ՀՀ սփյուռքի նախարարություն, «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոն

Ուսումնասիրության մեջ ի մի է բերված սփյուռքահայ գրականության ձևավորման և զարգացման գրեթե առաջին կես դարը: Այն ընդգրկում է 20-րդ դարի 20-60-ական թթ. արձակի և բանաստեղծության ձևավորման ու զարգացման միտումները: Դիմանկարի ուրվագծումով բացահայտվում են Հակոբ Օշականի, Շահան Շահնուրի, Վազգեն Շուշանյանի, Համաստեղի արձակ երկերը և Վահան Թեքեյանի, Կոստան Զարյանի, Նիկողոս Սարաֆյանի և Մուշեղ Իշխանի բանաստեղծական մտածողության շերտերը:

Հետազոտությունը ներկայացնում է աշխարհով մեկ սփռված արևմտահայ նորագույն գրականության ձևավորման ուղիները:

Մենագրության երկրորդ մասը («Արևմտահայ բանաստեղծության դրոշակակիրները. ուսուցիչներ և աշակերտներ») նվիրված է 20-րդ դարի 20-60-ական թթ. վերելքների և զիգզագաձև զարգացման պատմության ուսումնասիրությանը: Այստեղ շեշտվում է Վ. Թեքեյանի, Ն.Սարաֆյանի, Մ.Իշխանի կատարած զգալի դերը:

Հետազոտության նպատակն է ցույց տալ արտերկրի հայ գրողների կողմից ստեղծված հարուստ գրական-գեղարվեստական ժառանգությունը, այն անսպառ պոտենցիալն ու արևմտահայ գրականության կենսունակությունը, որն այդպես էլ չկարողացան ոչնչացնել երիտթուրք-ջարդարարները 100 տարի առաջ:

Ruben Safrastyan, “Ottoman Empire: The Genesis of the Program of Genocide (1876- 1920)”, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

Մենագրությունում տեսական ցեղասպանագիտության տեսանկյունից համակողմա­նի հետազոտվում է Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ծրագրի ծագումնաբանության գործընթացը:

Բազմաթիվ փաստացի և վավերագրական նյութերի վրա հիմնված, ժամանակակից համեմատական Ցեղասպանության հետազոտությունների տեսանկյունից մեկնաբանված, մենագրությունը պարզաբանում է առաջին ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը և նախադրյալները այդ բազմազգ և բազմակրոն պետությունում, հանգամանքները, որոնց ազդեցության տակ ծրագիրը ընդունվեց: Դրա համեմատական վերլուծությունը և հետագայում մշակված ցեղասպանության ծրագրերի իրականացումը, և ներկայացված են դրանց բաղադրիչների կրկնության օրինաչափությունները:

Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ, Սոնա Հարությունյան, ՀՀ սփյուռքի նախարարություն, ԵՊՀ

Աշխատության մեջ իմի են բերվել Հայոց ցեղասպանության մասին Իտալիայում լույս տեսած հուշագրություններն ու գեղարվեստական գրականությունը: Այն կարող է տիպային օրինակ հանդիսանալ` ուսումնասիրելու մյուս երկրների Հայոց ցեղասպանության գրականության պատկերը` դառնալով անհրաժեշտ ​​գործիք հետագա համեմատական ​​աշխատանքի համար, որի արդյունքում հնարավորություն կընձեռվի ստանալու հետցեղասպանական Սփյուռքի առավել լիարժեք պատկերը, ինչպես նաև արժանի հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանությունը վերապրածներին:

Ուսումնասիրության նպատակն է ներկայացնել Հայոց ցեղասպանության թեմայով Իտալիայում լույս տեսած հուշագրությունների և գեղարվեստական գրականության պատկերը, ինչպես նաև վերլուծել Մեծ եղեռնի թեման լուսաբանող միջոցների (գրականություն, թարգմանություն, կինո) ազդեցությունն ընթերցողի ու հանդիսատեսի վրա, միջոցներից յուրաքանչյուրի հնարավորության սահմանները, և թե ինչպես են այս բոլորը, տարբեր ճանապարհներով լուսաբանում, առավել ուշադրության արժանացնում Մեծ եղեռնի պատմական երևույթը:

Լիբանանի հայ օճախը. Գիրք. Ա., համարկումին խաչուղիները /1920-2005/, Անդրանիկ Տագէսեան, ՀՀ սփյուռքի նախարարություն, Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոն

Աշխատությունում անդրադարձ է կատարվում լիբանանահայ համայնքի պատմությանը, լիբանանահայերի ազգային, հասարակական-քաղաքական, հոգևոր և մշակութային կյանքին, մասնավորապես ներկայացվում է համայնքի ձևավորման պատմությունը, կարևորվում է Հայոց ցեղասպանությունից հետո հայ համայնքի հաղթահարած դժվարությունները, վերելքը, շեշտադրվում է Լիբանանում հայ համայնքի դերն ու ներդրումը:

Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ, ՀՀ սփյուռքի նախարարություն (հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն)

Պատկերագրքում ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և աշխարհի տարբեր երկրներում կառուցված կամ տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների լուսանկարները (թվով 403), տրված են տեղեկություններ այդ հուշակոթողների վերաբերյալ:

Պատկերագիրքը հինգ լեզվով է (հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն): Գիրքը 2010թ. լույս տեսած պատկերագրքի լրամշակված և ամբողջականացված տարբերակն է:

Բարխուդարյան Վ.Բ, Ալեքսանյան Հ.Ս., Ռուսաստանի հայ գաղթօջախների պատմություն (Հյուսիսային Կովկաս, Նոր Նախիջևան, Աստրախան, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա)

Աշխատությունը ներկայացնում է Ռուսաստանի հայ գաղթօջախների բազմադարյա պատմությունը դրանց ձևավորումից մինչև ժամանակակից փուլն ընկած զարգացումները: Առանձին գլուխներով առկա գրականության, արխիվային տվյալների հիման վրա ներկայացված է Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների՝ Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Դոնի, Աստրախանի, Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ քաղաքների համայնքների պատմությունը՝ նրանց հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային-կրթական կյանքի ասպարեզները, ժողովրդագրական պատկերի շարժընթացը:  Աշխատության մեջ ներկայացված է Ռուսաստանի արդի հայ գաղթօջախների կարևոր դերակատարությունը հայ-ռուսական հարաբերություններում:

Հարությունյան Ավագ, «Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը և երկրորդ Հանրապետությունը», «Նորավանք» ԳԿՀ

Հայ պատմագրության մեջ առաջին անգամ արխիվային սկզբնաղբյուրների, պարբերական մամուլի և գրականության լայն ու համակողմանի օգտագործմամբ ներկայացվել և վերլուծվել են 1965թ. Հայաստանի երկրորդ Հանրապետությունում Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի ոգեկոչման պատմա-քաղաքական գործընթացը, կուսակցական-պետական հանդիսություններն ու համաժողովրդական ցույցերը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Գրողների միության դերակատարությունը, Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնումը և Սփյուռքի կոմիտեի ձևավորումը, ինչպես նաև Արցախյան հարցի վերարծարծումը և 1970-1980-ական թթ. Հայոց ցեղասպանության ոգեկոչման մանրամասները:

Սահակյան Ռուբեն, «Արևմտյան Հայաստանի ռազմաքաղաքական և վարչատնտեսական իրավիճակը (1914թ. հուլիս – 1917թ. փետրվար)», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Մենագրությունը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1914թ. հուլիսից մինչև 1917թ. փետրվար ռուս-թուրքական ռազմաճակատում ռուսական զորքերի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի պատմությանը: Նորահայտ արխիվային վավերագրերի հիման վրա աշխատությունում լուսաբանվում են հայ կամավորական շարժումը, արևմտահայության ցեղասպանությունը և ինքնապաշտպանական մարտերը, Վանի ժամանակավոր վարչության (նահանգապետության) կազմակերպումը, Օսմանյան կայսրությունից գրավված Արևմտյան Հայաստանի շրջաններում ռուսական զինվորական գեներալ-նահնագապետության կազմակերպումը և գործունեությունը, արևմտահայության փրկության և հայկական բնակավայրերի վերաշինության հետ կապված հարցերը, ռուսական իշխանությունների գաղութային քաղաքականությունը և այլն:

Հայրենադարձների փորձն ու ինտեգրումը Հայաստանում. խոչընդոտներ և հնարավորություններ, ՀՀ սփյուռքի նախարարություն, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամ

Հետազոտությունում ժամանակակից փորձի համադրման հիման վրա փորձ է արվում բացահայտել այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են հայրենադարձները:

Աշխատությունն անդրադարձ է կատարել խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածի հայրենադարձության հիմախնդիրներին. փաստաթղթերի հիման վրա համակողմանի ուսումնասիրվել են արխիվային, մամուլային, վիճակագրական նյութերը, պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալները:

Կարևոր աղբյուր են նաև պատմաբանների, ազգագրագետների, սոցիոլոգների, մշակութաբանների՝ տարբեր տարիներին հրատարակած աշխատությունները հայրենադարձության վերաբերյալ:

Scroll Up