ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքը «Դոնի Նախիջևան» թերթի խմբագրակազմին

«Դոնի Նախիջևան» թերթի սիրելի՛ խմբագրակազմ,

Մեծարգո խմբագիր Վարդան Աբրահամյան,

 Սիրով և առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ և Դոնի Նախիջևանի ողջ հայությանը՝ թերթի 15-ամյա հոբելյանի առթիվ:

2000 թվականից սկսած՝ պարբերականն ակտիվ լուսաբանում է Դոնի Նախիջևանի հայկական համայնքի խնդիրները, Հայրենիքում, Ռուսաստանում և աշխարհի մյուս հայկական համայնքներում տեղի ունեցող նշանակալի իրադարձությունները:

Պարբերաբար ներկայացնելով մեր նախորդ և ժամանակակից հայազգի կայացած անհատների գործունեությունը՝ թերթը խրախուսում է հայրենիքից հեռու ապրող հայ երիտասարդությանը, որպեսզի վերջիններս կրթվեն ու դաստիարակվեն ազգային արժեհամակարգով:

«Դոնի Նախիջևան»-ը գնահատվել է Հայրենիքում՝ ՀՀ սփյուռքի նախարարության 2014թ. մրցանակաբաշխության ժամանակ արժանանալով «Սփյուռքի լավագույն տպագիր հրատարակություն» մրցանակին:

Ողջունելի են «Դոնի Նախիջևան» թերթի և ողջ համայնքի ջանքերը՝ անցնող 2015թ.-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու և դրանք հնարավորինս արդյունավետ իրականացնելու գործում:

Համոզված եմ, որ «Դոնի Նախիջևան» թերթը 2016-ին ևս ակտիվորեն կշարունակի գործակցել հայրենի կառույցների հետ և իր նպաստը կբերի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան 25-ամյա հոբելյանների տոնին՝  նպաստելով դրանց կարևորության գիտակցմանը:

Առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են և առիթից օգտվելով՝ թերթի կոլեկտիվին շնորհավորում եմ ոչ միայն 15-ամյա խոստումնալից ու պարտավորեցնող հոբելյանի, այլև հայ-ռուսական դարավոր բարեկամության զարգացմանը իր նպաստը բերելու առումով:

Սեր, խաղաղություն, ապահովություն և բարգավաճում եմ մաղթում Ձեզ և Ձեր ղեկավարած թերթի ամբողջ խմբագրակազմին և ընթերցողներին::

 Սիրով՝

 ՀՐԱՆՈՒՇ  ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up