ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքը «Դոնի Նախիջևան» թերթի խմբագրակազմին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/Shnorhavoranq.jpg)
«Դոնի Նախիջևան» թերթի սիրելի՛ խմբագրակազմ,
Մեծարգո խմբագիր Վարդան Աբրահամյան,
Սիրով և առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ և Դոնի Նախիջևանի ողջ հայությանը՝ թերթի 15-ամյա հոբելյանի առթիվ:
2000 թվականից սկսած՝ պարբերականն ակտիվ լուսաբանում է Դոնի Նախիջևանի հայկական համայնքի խնդիրները, Հայրենիքում, Ռուսաստանում և աշխարհի մյուս հայկական համայնքներում տեղի ունեցող նշանակալի իրադարձությունները:
Պարբերաբար ներկայացնելով մեր նախորդ և ժամանակակից հայազգի կայացած անհատների գործունեությունը՝ թերթը խրախուսում է հայրենիքից հեռու ապրող հայ երիտասարդությանը, որպեսզի վերջիններս կրթվեն ու դաստիարակվեն ազգային արժեհամակարգով:
«Դոնի Նախիջևան»-ը գնահատվել է Հայրենիքում՝ ՀՀ սփյուռքի նախարարության 2014թ. մրցանակաբաշխության ժամանակ արժանանալով «Սփյուռքի լավագույն տպագիր հրատարակություն» մրցանակին:
Ողջունելի են «Դոնի Նախիջևան» թերթի և ողջ համայնքի ջանքերը՝ անցնող 2015թ.-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու և դրանք հնարավորինս արդյունավետ իրականացնելու գործում:
Համոզված եմ, որ «Դոնի Նախիջևան» թերթը 2016-ին ևս ակտիվորեն կշարունակի գործակցել հայրենի կառույցների հետ և իր նպաստը կբերի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան 25-ամյա հոբելյանների տոնին՝ նպաստելով դրանց կարևորության գիտակցմանը:
Առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են և առիթից օգտվելով՝ թերթի կոլեկտիվին շնորհավորում եմ ոչ միայն 15-ամյա խոստումնալից ու պարտավորեցնող հոբելյանի, այլև հայ-ռուսական դարավոր բարեկամության զարգացմանը իր նպաստը բերելու առումով:
Սեր, խաղաղություն, ապահովություն և բարգավաճում եմ մաղթում Ձեզ և Ձեր ղեկավարած թերթի ամբողջ խմբագրակազմին և ընթերցողներին::
Սիրով՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ