Բուխարեստում կայացավ Վարուժան Ոսկանյանի «Իմ չգրված պոեմների գրքի» շնորհանդեսը
Բուխարեստի Կանտակուզինո պալատում դեկտեմբերի 14 ին տեղի ունեցավ հայազգի գրող եւ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Իմ չգրված պոեմների գիրքը» (Cartea poemelor mele nescrise, Ed. Polirom, Bucuresti 2015) շնորհանդեսը, որը հեղինակը բնութագրել է որպես որոշ չափով ինքնակենսագրական:
Միջոցառման հրավիրյալների թվում էին Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու Տարիչանուն, նախկին ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպս. Հակոբյանը, քաղաքական գործիչներ, մտավորականներ: Շնորհանդեսը զուգակցվել է երաժշտությամբ եւ ասմունքով: Ելույթներ են ունեցել բանաստեղծ Մարիան Դրագիչը եւ գրաքննադատ Ալեքս Շտեֆանեսկուն: Վերջինս ընդգծել է Ոսկանյանի ինտելեկտն ու հումորը. «Ոսկանյանի հիմնական որակը իր եռացող ինտելեկտն է: Չափազանց խելացի եւ ստեղծարար է: Թվում է` նրա գիրը ֆոսֆոր է պարունակում, ինչ որ փայլուն բան»:
Շտեֆանեսկուն գնահատել է նաեւ Ոսկանյանի ստեղծագործության մեջ հայկական մշակույթի առկայությունը եւ նշել, որ նրա գրքերում «արժեւորվում է հայկական ավանդույթի մոռացված ֆոլկլորը»: «Մեզ մոտ հայկական ավանդույթները չափազանց քիչ են գնահատված: Այդ պատճառով էլ հավատացած եմ, որ «Շշուկների մատյանը» արժանի է Նոբելյան մրցանակի, առանց որեւէ չափազանցության, քանի որ նորություն է բերում», ավելացրել է գրաքննադատը: Նրա կարծիքով, Վարուժան Ոսկանյանը կենդանացնում է ռումինական մշակութային կյանքը:
«Իմ չգրված պոեմների գիրքը» պատմում է պատերազմից հետո ծնված երեխաների տխուր սերնդի մասին, որոնց համար 1989թ. դեպքերը չեն թուլացրել ողբերգության չափը, ինչպես նաեւ ընդգծում է պոետի վիճակն իսկությունից զուրկ աշխարհում: