Հայկական ազգային ինստիտուտն ընդլայնել է Ցեղասպանությանը նվիրված իր կայքը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/ANI-institute.jpg)
Վաշինգթոնում գործող Հայկական ազգային ինստիտուտը (Armenian National Institute (ANI)) հայտատարարել է իր կայքի նշանակալի ընդլայնման ավարտի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ՀԱԻ մամուլի գրասենյակին հղումով, 2015թ.-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրների ցուցակում ընդգրկված երկրներից ստացված փաստաթղթերը համալրվել են նախորդ տարիների պաշտոնական հայտարարագրերի պատճեններով՝ թույլ տալով հանրությանը դիտել փաստացի փաստաթղթերը, ինչպես նաև հեշտ մուտք ունենալ դրանց տեքստին:
Հայոց ցեղասպանությունը պատմականորեն ճանաչած 27 երկրների ցուցակին կից 55 պաշտոնական փաստաթղթեր են ներկայացված կայքի բանաձևեր, օրենքներ և հռչակագրեր բաժնում: Նահանգներ և մարզեր բաժնում ՀԱԻ կայքը տրամադրում է մի քանի տասնյակ պետական մակարդակի բանաձևեր և հայտարարագրեր ինը երկրներից, այդ թվում Արգենտինայից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Կանադայից, Իտալիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից և Միացյալ Նահանգներից: ԱՄՆ-ի դեպքում Հայոց ցեղասպանությանը հղում կատարող 44 նահանգներից արձանագրություններ են կրկնօրինակվել:
Ապրիլին պետությունների և խոշոր կրոնական և հասարակական հաստատությունների ղեկավարների կողմից հրապարակված կարևոր հայտարարություններին հեշտ մուտք ունենալու նպատակով վերջիններս համակարգվել են նոր բաժիններում, ինչպիսիք են միջազգային կազմակերպություններ, կրոնական հաստատություններ և պետությունների, խորհրդարանների ղեկավարների և նախագահական հայտարարություններ:Առանձին էջում կրկնօրինակված են ապրիլի 24-ի և դրա կապակցությամբ Միացյալ Նահանգների նախագահների հայտարարությունները՝ Վուդրո Վիլսոնից մինչև Բարաք Օբամա:
ՀԱԻ կայքի շատ այլ բաժիններ ևս ընդլայնվել են, ինչպիսիք են՝Կրթություն, Մամուլի լուսաբանում և հուշարձաննների շտեմարան: Մոտ 32 երկրներում Հայոց ցեղասպանությանը նվիրված 200 հուշակոթողներ են ներկայացված՝ վերջիններիս տեղանքի, հեղինակների, հովանավորների և այլ առանձնահատկությունների մասին հիմնական տեղեկություններով:
ՀԱԻ-ն կարևորում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական ձեռքբերումների և հարյուրամյակ կապակցությամբ բազմաթիվ հրապարակումների արագ տարածումը: Դրանք զետեղված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ աղբյուրների ուղեցույց բաժնում և խմբավորված են ըստ թեմայի՝ Հայոց ցեղասպանությունը և Ամերիկան, Հայոց ցեղասպանության հետազոտություններ, Ցեղասպանության խնդիրը և այլ ենթաբաժինների՝ հեշտ նույնականացման նպատակով: 100-ից ավելի հրապարակումներ են թվարկված Աղբյուրների ուղեցույցում, ինչպես նաև շատ ուրիշներ են առաջարկվում ավելի լայն՝ Կրթական ռեսուրսների բաժնում:
Հաշվի առնելով համաժողովրդական հետաքրքրությունը ցուցանմուշների նկատմամբ, որոնք ցուցադրում են հարյուրավոր պատմական լուսանկարներ, դրանք արդեն հասանելի են նաև Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի և Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) կայքերում: Թվային ցուցանմուշները շարունակաբար կիրառվում են, և մոտավորապես մեկ քառորդ միլիոն օրինակ է ներբեռնվել այսօրվա դրությամբ:
ՀԱԻ կայքի միջոցով այցելուները կարող են նաև այցելել առցանց թանգարանը՝տեղադրված Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի կողմից 2015թ. ապրիլի 24-ին: Նոր փոխգործուն (ինտերակտիվ) կայքը ներառում է ներածական տեսանյութ և դինամիկ պատմողական մաս, որում առանձնանում են վերապրածները, ֆոնային երաժշտությունը և նշանակալի պատկերները: Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի կայքի ընդլայնում է նախատեսվում 2016 թ., իսկ ծրագրի երկրորդ փուլը կներառի բջջային տարբերակի հասանելիության ապահովում այցելուների համար: Նախատեսվում է, որ կայքը կպարունակի Հայոց ցեղասպանության ամբողջ պատմությունն՝ ընդարձակվող պատկերասրահների միջոցով:
«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ՀԱԻ-ին տեղեկություններ են ուղարկել իրենց երկրներում զարգացումների մասին. դրանք կլինեն նոր ճանաչումներ, հուշարձանների կառուցում կամ ուշագրավ հրապարակումներ»,- հայտարարել է ՀԱԻ խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը: «Նրանք բոլորն էլ օգնում են պահել ՀԱԻ կայքը` որպես կենտրոնական դիրք` այս արժեքավոր տվյալները մատչելի դարձնելու ուսանողների, ուսուցիչների և լայն հասարակության համար: Աշխատանքը, որ կատարել է Ռուբեն Ադալյանն այս կայքի գործարկումից ի վեր, իսկապես ուշագրավ է, և այն փաստը, որ այն այսքան զգալիորեն և հաճախ վկայակոչվում է, իսկական ձեռքբերում է»:
«Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին և Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը. վերջիններիս օժանդակությամբ ձեռք բերվեցին արժեքավոր փաստաթղթերից շատերը՝տեղադրված ՀԱԻ կայքում, որտեղ կարելի է դիտարկել ու գնահատել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ հայ ժողովրդի հավաքական ուժը», – ավելացրել է ՀԱԻ տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանը: «Նաև ցանկանում եմ կարևորել կամավորների ներդրումները, ովքեր եռանդուն գործում էին ՀԱԻ-ում, հատկապես Կարինա Դեմիրճյանին և Մարիամ Խալոյանին՝ իրենց նվիրվածության և մասնակցությանը այս ջանքերին՝ օգնելով ընդլայնել ՀԱԻ կայքը, ինչպես նաև երկար տարիներ մեր կայքի ձևավորվող Մարկ Մալխասյանին՝ մեր նպատակներին հաստատուն նվիրվածության համար»,- ասել է Ադալյանը:
Հայկական ազգային ինստիտուտը հիմնադրվել է 1997 թվականին Վաշինգտոնում Ամերիկայի հայկական համագումարի կողմից` որպես կրթական բարեգործական կարգավիճակով հաստատություն: Զբաղվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր հավաքելու, ուսումնասիրելու և օտարներին ներկայացնելու աշխատանքով: