Չինաստանում բացվեց առաջին հայագիտական կենտրոնը
Դեկտեմբերի 9-ին ՉԺՀ Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում կայացավ Չինաստանում առաջին հայագիտության կենտրոնի բացումը, որը հնարավոր եղավ իրականացնել Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի և Դալիանի օտար լեզուների համալսարանի համագործակցության արդյունքում։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Չինաստանում ՀՀ դեսպանությունից:
Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Գայանե Գասպարյանի գլխավորությամբ, Դալիանի օտար լեզուների համալսարանի ղեկավարությունը, Դալիանի քաղաքապետարանի, չինական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչները։
Տեղի ունեցած հանդիսավոր նիստին ողջույնի խոսքով հանդես եկան կենտրոնի տնօրենը, երկու բարեկամ համալսարանների ղեկավարները, Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Վերջինս կարևորեց իր տեսակի մեջ առաջին հայագիտության կենտրոնի բացումը, որըկդառնա յուրահատուկ հարթակ հայ-չինական երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի հարցերի քննարկման, հետագա փոխգործակցության խորացման ուղիների ուսումնասիրության համար։ Դեսպանը համոզմունք հայտնեց, որ կենտրոնը կնպաստի գիտական և մշակութային համագործակցության ընդլայնմանը ոչ միայն երկու համալսարանների, այլև երկու երկրների կրթական համակարգերի միջև՝ դառնալովհայ և չին ժողովուրդների բազմադարյա բարեկամության և համագործակցության ևս մեկ վառ օրինակ։ Ա.Սարգսյանը վստահեցրեց, որ դեսպանությունն անհրաժեշտ աջակցությունկցուցաբերի կենտրոնին և մշտական ուշադության կենտրոնումկպահի նրա գործունեությունը։
Ելույթներից հետո համալսարանի հայ և չինացի ուսանողները միասին արտասանեցին հայ բանաստեղծների ստեղծագործությունները։
Արարողության ավարտին մասնակիցները համալսարանի ուսանողների հետ միասին այցելեցին նորաբաց կենտրոն՝ փոխանցելով տարաբնույթ գրքեր, ձեռնարկներ, տպագիր և էլեկտրոնային ուսումնական նյութեր՝ առաջին քայլը կատարելով կենտրոնում հայագիտական հարուստ գրադարանի ձևավորման գործում։