Հայաստանի հանրակրթության ոլորտը այլ երկրներից եկած երեխաներին ինտեգրելու խնդիր ունի
Հայաստանի հանրակրթության ոլորտը կարիք ունի լուրջ փոփոխությունների, որպեսզի հնարավոր լինի ինտեգրել այլ երկրներից ժամանած օտարալեզու խմբերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Սեյվ դը չիլդրեն» (Save The Children) կազմակերպության տնօրեն Արսեն Ստեփանյանը:
«Հայաստանում ապաստան գտած հիմնականում սիրիահայ ընտանիքների երեխաների՝ կրթական համակարգում ինտեգրման համար մենք պետք է գիտակցենք առկա տարբերությունները, նոր մոտեցումներ ցուցաբերենք բացերը լրացնելու համար: Խնդիրը միայն Սիրիայից և այլ երկրներից Հայաստան տեղափոխված փախստականների մեջ չէ: Եթե մենք ցանկանում ենք, որ իրենք ինտեգրվեն, առաջին հերթին մենք պետք է փոխվենք»,- ասաց Արսեն Ստեփանյանը:
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության տնօրենը նշեց, որ կարևորում է տնտեսական ինտեգրումը՝ որպես սիրահայերի աջակցություն, սակայն միայն դրանով փախստականների ինտեգրման խնդիրները հնարավոր չէ լուծել: Նա նաև կարևորեց մշակութային ու սոցիալական տեսանկյունները, որոնք պետք է ամրագրված լինեն համընդհանուր ռազմավարական մոտեցման մեջ, որտեղ նշված կլինի յուրաքանչյուր ոլորտը ներկայացնող կառույցի դերը փախստականների ինտեգրման հարցում:
«Այս տարվա ընթացքում երեխաների ինտեգրման նպատակով իրականացված աշխատանքների շրջանակում հայերենի, ռուսերենի, մաթեմատիկայի արտադպրոցական պարապմունքներ են արվել»,- նշեց Արսեն Ստեփանյանը:
Խոսելով Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաների ինտեգրման դժվարությունների մասին՝ «Սեյվ դե չիլդրեն»ի ղեկավարը մատնանշեց նաև այն հանգամանքը, որ հայաստանցի երեխաները խաղում են հայաստանցիների հետ, սիրիահայերը՝ սիրիահայերի: Նրա կարծիքով դա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները՝ լեզվական, մշակութային, սննդի և նույնիսկ հագուստի տարբերությունները: