Շառլ Ազնավուրը Դուբայում համերգ կունենա
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/1400740589_1-300x225.jpg)
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը համերգ կունենա Միացյալ Արաբական Էմիրություններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը` վկայակոչելով Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, համերգը տեղի կունենա 2016 թվականի փետրվարի 12-ին Դուբայի Առևտրի համաշխարհային կենտրոնի (Dubai World Trade Centre) Sheikh Rachid Hall-ում:
Dubai.platinumlist.net կայքը հաղորդում է, որ Dubai Classics ընկերությունն առաջին անգամ ՄԱԷ-ում ներկայացնում է կենդանի լեգենդ Շառլ Ազնավուրին: «Ֆրանսիացի երգիչը հայկական ծագում ունի, և Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է»,նշված է կայքում: Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը հրապարակել է նաև համերգի պաստառը: Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում:
Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ին համերգով հանդես է եկել Հայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում: