Ցեղասպանությունից փրկված հայ որբ երեխաների վկայությունները թուրքալեզու հուշագրական-փաստագրական գրականության մեջ

Թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելքոնյանը armeniangenocide100.org-ի ներկայացրած հոդվածում անդրադարձել է թուրքալեզու հուշագրական-փաստագրական գրականության մեջ Հայոց ցեղասպանությունից փրկված սակավաթիվ հայ երեխաների վկայությունների թեմային: Երկու այդպիսի աշխատությունների օրինակով Մելքոնյանը ներկայացնում է Ցեղասպանության ժամանակ և դրան հաջորդած տարիներին իրենց հարազատներին աչքի առջև կորցրած հայ երեխաների, ինչպես նաև կանանց դաժան ոդիսականը՝ միևնույն ժամանակ ցույց տալով իրենց ինքնությունը մի կերպ պահելու այդ մարդկանց ճիգերը:Հոդվածը հրապարկվել է «Արևելագիտության հարցեր» պարբերական ժողովածուի 9-րդ համարում, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես վկայում են մի շարք աղբյուրներ, այդ թվում և թուրքական, Հայոց ցեղասպանության տարիներին մեծ թվով հայ երեխաներ ոչ միայն ենթարկվել են սպանդի, այլև առևանգվել են թուրքերի և քրդերի կողմից, այնուհետև բռնի իսլամացվել ու շարունակել իրենց կյանքը երբեմն որպես աղախին-ստրուկներ, երբեմն որպես հարեմի զոհեր: Գերմանացի արևելագետ Յոհաննես Լեփսիուսն աքսորյալ հայ կանանց, երեխաներին համարում էր «իսլամի իսկական ավար» (Լեփսիուս Յ., Գերմանիան և Հայաստանը 1914-1918 (դիվանագիտական փաստաթղթերի ժողովածու) հատոր 1-ին, (թարգմանիչ` Վ. Մինալյան) Երևան, 2006, էջ 45): Որբ մնացած հայ երեխաների մի մասը օսմանյան իշխանությունների հրամանով և նախաձեռնությամբ բաժանվել է մուսուլման ընտանիքներին(Başyurt E., Ermeni Evlatlıklar, İstanbul, 2006, s. 36), ինչպես նաև հավաքվել թուրքական որբանոցներում և իսլամացվել: Այս մասին վկայող փաստեր են պահպանված օսմանյան արխիվներում, որոնք տեղ են գտել հայ պատմագրության և
գրականության մեջ: Համադրելով տարբեր աղբյուրների ներկայացրած տվյալները` կարելի է եզրակացնել, որ Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաների բռնի իսլամացումն ու ձուլումը կատարվել են երկու մակարդակով` պետության և հասարակության լայն խավերի կողմից. 1. Ծնողներին կորցրած, կոտորածից մի կերպ փրկված, անտեր, անտուն, անխնամ մնացած հայ երեխաները պետության աջակցությամբ իսլամացվել են և բաժանվել մուսուլման ընտանիքներին: Որպես վերը նշվածը հաստատող օրինակ, կարելի է մեջբերել օսմանյան արխիվում պահպանված և 1915 թ. հուլիսի 10-ով թվագրված պաշտոնական հրամանը, որտեղ ասվում է, որ իսլամացված որբ հայ երեխաներին պետք է հանձնել բարեկեցիկ մուսուլման ընտանիքներին, հատկապես այն գյուղերում ու գյուղաքաղաքներում, որտեղ հայեր չկան: Եթե երեխաների թիվը մեծ է, նրանց պետք է հանձնել դժվարությամբ ապրուստը հոգացող մուսուլման ընտանիքներին և ամեն երեխայի համար ամսական 30 քուրուշ վճարել նրանց: Ապա պետք է ցուցակագրել այդ երեխաների թվի և գտնվելու վայրի մասին տվյալներն ու դրանք ուղարկել կենտրոն (Atnur İ.,Türkiyede Ermeni Kadınları ve Çocukları Meselesi (1915-1923), Ankara, 2005, s. 65): Հատուկ նշվում է, որ այս երեխաները հանձնվում են այդ ընտանիքներին այն պայմանով, որ նրանց տրվի մուսուլմանական կրթություն: Նույն բովանդակությամբ գրություններ հանդիպում են նաև հետագայում` ուղղված տարբեր նահանգների ղեկավարներին:
2. Հայ երեխաների իսլամացմանը և թուրքացմանը ներգրավված են եղել նաև թուրքական հասարակության լայն շրջանակները. Հայոց ցեղասպանության տարիներին թուրքերը և քրդերը առևանգել են բազմաթիվ հայ մանուկների և իսլամացրել: Թուրքական կողմը, չկարողանալով ժխտել այս անառարկելի փաստը, միևնույն ժամանակ շրջանառության մեջ է մտցրել այն վարկածը, թե իբր «բարեգութ» մարդիկ ուղղակի հումանիստական զգացումներից ելնելով՝ «փրկել» են աքսորյալ հայ երեխաներին: Կողմ չլինելով բացարձակ գնահատականների՝ հնարավոր ենք համարում ընդունել, որ երբեմն, խիստ սակավ դեպքերում կարելի է չբացառել նման վարկածը, բայց գերակշիռ դեպքերում հայ երեխաներին խլել են բռնությամբ նրանց իսլամացնելու, թուրքացնելու նպատակով և առաջնորդվել ոչ թե հումանիստական, այլ զուտ անձնական, նաև տնտեսական շահերով: Մուսուլմանները ձեռք բերելով հայ աղջիկ երեխաներին, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ փաստեր, այնուհետև նրանց ամուսնացնում են իրենց տղաների հետ` այդպիսով խուսափելով նաև ամուսնական «գլխագին» վճարելու ծանր պարտականությունից: Տարատեսակ շահախնդրություններից դրդված՝ թուրքերը և քրդերը բավական թվով հայ երեխաներ էին առևանգել, «փրկել», և այս երևույթը բավական մեծ ծավալներ էր ընդգրկելԻնչպես նշվում է Ցեղասպանությունը վերապրած մտավորական Վահան Մինախորյանի արժեքավոր գրքում. «Հայու երեխայ ունենալը մի մարմանջ էր դարձել. ամէն մարդ ուզում է մեկը ունենալ» (Մինախորեան Վ., 1915 թւականը. արհաւիրքի օրեր, Թեհրան, 2006, էջ 328): Ի դեպ, նշված գրքում մեկ այլ տեսակետ էլ է հնչում, համաձայն որի ռուսական զորքերի մոտալուտ հաղթանակի լուրը ստիպում էր շատ մուսուլմանների «փրկել» հայ երեխաներին6, որպեսզի «ապացուցեն» իրենց մարդասիրական մղումները և խուսափեն հնարավոր հաշվեհարդարից ու վրեժից (Մինախորեան Վ., նույն տեղում, էջ 327): Հարցի սահմռկեցուցիչ կողմերից է հայ որբերի սեռական այլասերված շահագործման երևույթը այդ և հետագա տարիներին:
Հայ որբերի դաժան ոդիսականների և բռնի իսլամացման մասին վերջին շրջանի թուրքերեն փաստագեղարվեստական գրականության մեջ մի շարք օրինակների ենք հանդիպում: Դրանցից է 2005 թվականին Թուրքիայում տպագրված ««Մ.Ք.» անունով երեխայի աքսորի հուշերը» գիրքը, որը գրվել է 1906 թ. Ադանայում ծնված Մանվել Քրքյաշարյանի հուշերի հիման վրա: 1980 թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում բնակվող Մանվելը Ցեղասպանության և դրան հաջորդած տարիներին իր ապրած կյանքի մասին հիշողությունները ձայնագրել է, և ավելի ուշ` 2005 թ. թուրք հայտնի հրապարակախոս Բասքըն Օրանը այն պատրաստել է հրատարակության: Գրքում տեղ է գտել նաև Քրքյաշարյանի հուշերի ձայնագրության խտասկավառակը, որտեղ նա բարբառային թուրքերենով պատմում է իր ոդիսականը: Ինը տարեկանում Մանվելն իր ընտանիքի հետ բռնում է աքսորի ճամփան, որի ընթացքում տեսնում է մոր` Մարիամի ինքասպանությունը, հոր` Ստեփանի մահը, իրենց քարավանի սպանդը և այլ սարսափներ: Հրաշքով փրկվելով` 9-ամյա երեխան ենթարկվում է անասելի տառապանքների` մեկ վաճառվելով ստրուկների շուկայում, մեկ «որդեգրվելով» տարբեր մուսուլմանների կողմից և, ի վերջո, տասը տարի դեգերելուց հետո գտնում է իր ազգականներին: Գրքի կազմող Բասքըն Օրանը իրավացիորեն նկատում է, որ փոքրիկ երեխան ուղղակի ենթագիտակցորեն փնտրել է իր արմատները, իր ազգականներին և վերջապես գտել նրանց (Oran B., “M.K.” Adlı Çocuğun Tehcir Anıları: 1915 ve Sonrası, İstanbul, 2005, s.14):
Այս պատմությունը մեկն է տառապանքի այն հազարավոր օրինակներից, որոնց հայ երեխաները ենթարկվել են Հայոց ցեղասպանության տարիներին, սակայն Մանվել Քրքյաշարյանի հուշերի, թերևս ամենակարևոր, առանձնահատկությունը ապրած վախի խորքային պատկերումն է: Այսպես, Ցեղասպանությունից տասնամյակներ անց Ավստրալիայում բնակվող արդեն 74-ամյա Մանվել Քրքյաշարյանը որոշում է իր հուշերը ժապավենին հանձնել, սակայն նույնիսկ առաջացած տարիքը և Թուրքիայից հազարավոր կիլոմետրերի հեռավորությունը նրա միջից չեն հանել վախի այն ահռելի զգացումը, որը նա ձեռք է բերել 1915-ին: Սկսելով իր պատմությունը` նա վախենում է ասել իր ամբողջական անուն, ազգանունը, այլ նշում է դրանց միայն սկզբնատառերը` «Իմ անունը Մ. Ք. է»: Գրքում նշվում է նաև, որ Մանվելը մինչև կյանքի վերջ ամեն գիշեր մղձավանջներ է տեսել, արթնացել, ստուգել տան դռները, պատուհանները, երեխաներին, թոռներին: Սա կրկնվել է ամեն օր գիշերը ժամը 2-ին, և դրա բացատրությունն այն է, որ 1915-ին աքսորի ժամանակ օրերից մի օր` հենց գիշերվա 2-ին է, որ արթնանալով` 9-ամյա Մանվելը իր կողքին տեսել է մահացած հորը, և այդ մտապատկերը մինչև կյանքի վերջ ուղեկցել է նրան: Մանվել Քրքյաշարյանը լինելով մուսուլմանական գերության մեջ` ոչ միայն պահել է քրիստոնյա լինելու գիտակցումը և ձգտել գտնել իր ազգականներին, այլև փորձել է ինչ-որ կերպ` ավելի շատ խորհրդանշական, շարունակականություն ապահովել իր կյանքի 1915-ին նախորդած և հաջորդած շրջանների միջև: Ահա հենց այդ նպատակով էլ Մանվել Քրքյաշարյանը տարիներով փնտրում և, ի վերջո, Կիպրոսում գտնում է իրենց նախկին հարևանի աղջիկ Զարուհուն, որին Մանվելի մայրը դեռևս 1914 թվականին նրա ծնվելուց հետո ոչ պաշտոնական խոսքկապ (Ժողովրդի մեջ այս երևույթը երբեմն անվանում են «բաշիքյարթմա» (հայերեն` օրորոցախազ), որը թուրքերեն beşik kertme այսինքն` օրորոցից նշանված բառակապակցության աղավաղված ձևն է) է արել այն նպատակով, որ հետագայում աղջկան ամուսնացնի իր որդի Մանվելի հետ: Ցեղասպանությունից ավելի քան 20 տարի անց` 1937 թվականին, Մանվելը Կիպրոսում ամուսնանում է Զարուհու հետ և այդպիսով` հեռակա կարգով, կատարում մոր իղձը: Հետագայում` արդեն 1968 թ. Քրքյաշարյանները ընտանյոք հանդերձ հաստատվում են Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ Մանվելն ապրում է մինչև 1997 թվականը և մահանում 91 տարեկանում: Մահանալուց առաջ Մանվելը ասում է. «Ես պետք է մահանայի 9 տարեկանում և ապրածս տարիները Աստծո բարեհաճությունն են իմ նկատմամբ»:
Գրքի կազմող Բասքըն Օրանն իր ընդարձակ նախաբանում ենթատեքստերում կամ բացահայտ ընդհանրացումներ է անում Ցեղասպանության հարցի շուրջ, փորձում անուղղակիորեն ներկայացնել թուրքական պաշտոնական տեսակետները, սակայն գրքի իրական արժեքը վերապրած Մանվել Քրքյաշարյանի պատմություններն են` առանց մեկնաբանությունների: Նա իր պատմությունը սկսում է իրենց ընտանիքի տեղահանության նկարագրությամբ և դեպքերի բնական շարունակականությունը մի-փոքր խախտելով` ներկայացնում իրադարձությունները: Մանվելի խոսքից պարզ է դառնում, որ իրենց քարավանը ուղղվել է դեպի Տեր- Զոր և մանրամասնորեն նկարագրում է Ռես-ուլ-Այն նահանգում տեղի ունեցածները: Քրքյաշարյանի պատմության մեջ շատ է խոսվում նրանց քարավանը ուղեկցող չեչենների մասին, սակայն պետք է ենթադրել, որ դրանք հյուսիսկովկասցի մուսուլմաններն են` առավելապես չերքեզները, որոնց համախմբին նա երբեմն անվանում է չեչեններ, երբեմն` չերքեզներ:
Մանվելը նկարագրում է չեչենների վայրագությունները. «Վերջապես գարուն եկավ (խոսքը 1916 թվականի գարնան մասին է – Ռ.Մ.):Այս չեչենները ցերեկները շրջում էին գաղթականների մեջ և իրենց նկատած գեղեցիկ կանանց ու աղջիկներին գիշերը գալիս փախցնում էին: Մի հայ կին Աստվածաշունչ էր կարդում և մի չերքեզ նրան հարցրեց. «Էդ ի՞նչ ես կարդում, այ կին», «Աստվածաշունչ»,- պատասխանեց կինը: «Ի՞նչ է գրված»,- հարցրեց չերքեզը, «Աստծո խոսքը»,- ասաց կինը: «Տուր տեսնեմ այդ գիրքը ինձ»,- ասաց չերքեզը և վերցնելով Աստվածաշունչը` սկսեց պատռել ու հողին նետել նրա էջերը: «Սա՞ էր ձեզ փրկելու»,- վիրավորական ասաց նա» (Oran B., նույն տեղում, էջ 47-48):
 Մանվել Քրքյաշարյանի գրքում բազմաթիվ են այն նկարագրությունները, որտեղ հասարակ մուսուլման ժողովուրդը թալանում է անպաշտպան գաղթական հայերին. «Ոմանք հետ էին մնում և քարավանի ետևից եկող չերքեզները կրկին նրանց ստուգում էին, որպեսզի եթե նրանց մոտ փող լիներ` վերցնեին: Եթե գաղթականները այլևս չէին կարողանում քայլել, քարավանի ետևից եկող արաբները մահակներով հարվածում էին նրանց գլխին, վերցնում էին հագուստները և նրանց մերկ թողնում: Իհարկե մահակի հարվածն ուտելուց և այդ ցրտին մերկ մնալուց հետո ապրելն այլևս անհնար էր» (Oran B., նույն տեղում, էջ 51): Մանվելի մտքում վառ է մնացել մոր ինքնասպանության պահը, որը նա գրքում պատմում է երկու անգամ: Աքսորի ճանապարհին անվերջ քայլելուց ուժասպառ դարձած մայրը նախընտրում է ինքնասպան լինել. «Մայրս այլևս չէր կարողանում քայլել, ոտքերը ուռել էին, մեր կողքից մի գետ էր հոսում` Մուրադը (նկատի ունի Եփրատը կամ դրա վտակներից մեկը – Ռ.Մ.): Մայրս ասաց հորս. «Առավոտյան ինձ այս գետի ափ տար, նետվեմ ջուրը: Մեկ է, եթե մնամ, արաբները ինձ չարչարելով կսպանեն (ըստ երևույթին, նկատի ուներ նաև բռնաբարվելու հավանականությունը – Ռ.Մ.)»: Սակայն հայրս չտարավ, չէր ուզում տանել: Մայրս ասաց, որ եթե չտանի` կանիծի: Մենք մի համերկրացի ունեինք, որը երկու զավակ ուներ` մեկը տղա, մյուսը աղջիկ: Տղան իմ դասընկերն էր: Անունը Եզնիկ էր, հիշում եմ: Այս մարդը մորս իր հետև գցեց, ես էլ նրանց հետ, որոշեցինք տանել գետի ափ: Տեր հայր կանչեցինք: Մայրս հաղորդություն ստացավ, այնուհետև մորս այդ մարդու հետ գետի ափ տարանք: Դեմքս մի կողմ թեքեցի, որպեսզի չտեսնեմ, թե ինչպես է մայրս իրեն ջուրը նետում: Մայրս իրեն ջուրը նետեց: Թեքվեցի-նայեցի՝ ա՛խ, մայրս: Մորս գետը տանում էր» (Oran B., նույն տեղում, էջ 51-52, 54-55):
Մոր մահից հետո փոքրիկ Մանվելը ապրում է նաև երկրորդ ցնցումը. «Ժողովուրդը շարունակում էր քայլել: Գնում էինք, սակայն ո՞ւր: Սոված, ծարավ: Վերջապես մի տեղ հասանք, դադար տվեցինք: Այնտեղ արաբները հաց, բլղուր էին բերում և փոխանակում հագուստների հետ: Իմ ոտքին մի զույգ կարմիր կոշիկ կար: Դրանք մի թաս բլղուրի հետ փոխանակեցինք: Հաջորդ օրը ճանապարհը շարունակեցինք: Մի տեղ կրկին դադար տվեցինք և գիշերը այնտեղ քնեցինք: Առավոտյան կողմ զարթնեցի տեսա, որ հայրս մահացել էր»: Մանվել Քրքյաշարյանը աքսորի ճանապարհի բոլոր զրկանքների ու սարսափների կողքին ականատես է եղել նաև ստրկավաճառության բազմաթիվ օրինակների և հենց ինքն էլ վաճառվել է նման կերպով: Մասնավորապես` նրանց ուղեկցող չեչենները սկսել են այդ վայրերում բնակվող արաբների հետ բանակ- ցել հայ երեխաներին և կանանց վաճառելու հարցի շուրջ: «Մեկ էլ տեսանք արաբները չեչենների հետ միասին սկսեցին ժողովրդի մեջ շրջել: Նրանք սկսեցին զննել տղա և աղջիկ երեխաներին: Նրանց, որոնց հավանում էին` ասում էին չեչենին. «Ես ուզում եմ այս երեխային վերցնել»: Չեչենն էլ թարգմանություն էր անում, որովհետև չեչենները արաբերեն, չեչեներեն և թուրքերեն գիտեին: Երեխայի մորը և հորը, կամ էլ տիրոջը ասում էին. «Այս երեխային տվեք այս արաբին, առանց այդ էլ դուք, ա′յ անհավատներ, մեռնելու եք»: Երեխայի տերերից ոմանք համաձայնվում էին, ոմանք` ոչ: Երբ արաբը վերցնում էր երեխային` չեչենն էլ արաբից գանձում էր միջնորդավճար»:
 Աքսորի ճանապարհի մի հատվածում Մանվելը այլևս ի վիճակի չլինելով քայլել` որոշում է մնալ այդ վայրում: Քիչ անց քրդերը և չեչենները սպանում են այնտեղ մնացած հայ գաղթականների մի մասին, իսկ երեխաներին բաժանում իրար մեջ: Մանվելին մոտակա գյուղից մի քուրդ է վերցնում և ցանկանում տանել իր տուն, սակայն ճանապարհին միտքը փոխում է և որոշում թալանել տղային: Որբ մնացած 9-ամյա հայ երեխայի մոտ բացի հագուստից ուրիշ ոչինչ չի լինում, և այդ քուրդը վերցնում է Մանվելի շորերը, իսկ նրան կիսամերկ թողնում ճանապարհին: Դրանից հետո Մանվելը մնում է միայնակ և պատսպարվում մի քարանձավում, որտեղ հաջորդ օրը նրան գտնում է մոտակա գյուղից մի մուսուլման և տանում իր տուն: Օրեր անց հարևան Սարմըսաք գյուղից, որն այսօր գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին, մի քանի քուրդ են գալիս և վերցնում Մանվելին որպես աղախին: Գյուղի ճանապարհին Մանվելը տեսնում է սպանված կամ կիսամեռ մարդկանց և հասկանում, որ դա իրենց քարավանն էր, որին չեչենները բերել և հանձնել էին քրդերին, որոնք էլ հայ գաղթականների շորերը թալանելուց հետ բոլորին սպանել էին: Նույն օրվա երեկոյան, երբ Մանվելին տանում են Սարմըսաք գյուղը, սկսվում է մի իրարանցում. «Մեկը քրդերեն բղավում էր` հասեք, հասեք, օգնեք: Բոլորը վազում էին ձայնի ուղղությամբ: Պարզվում է, որ քուրդը տեսել է 14-15 տարեկան լիովին մերկ մի հայ պատանու, որը պատահաբար ողջ էր մնացել սպանդի ժամանակ: Գյուղացիները գնացին և քարկոծելով սպանեցին պատանուն» (Oran B., նույն տեղում, էջ 60): Մեկ օր այդ գյուղում մնալուց հետո առավոտյան Մանվելին վերցրած քուրդ գյուղացու երկու երեխաները` տղա և աղջիկ, նրան գյուղից դուրս են տանում և հարձակվում վրան, որպեսզի խլեն նրա միակ «հարստությունը»` շալվարը և վարտիքը: Մանվելը ստիպված է լինում նրանց տալ իր վերջին շորերը, և երեխաները վերադառնում են գյուղ, իսկ Մանվելը մորեմերկ մնում է ճանապարհին: Քիչ անց այդ ճանապարհին նա տեսնում է մի քուրդ տղամարդու, որի կողքին կար հաճնցի մի հայուհի: Մանվելի աչքի առաջ քուրդը ձեռքին եղած մահակով խփում է կնոջ գլխին և գետին գցելուց հետո մի քանի անգամ դանակահարելով` սպանում, այնուհետև վերցնում նրա շորերը և գնում: Մանվելը մոտենում է սպանված հայուհուն և նստում կողքին: Այդ ժամանակ նրանց կողքով են անցնում չորս քուրդ կանայք, որոնցից ամենաերիտասարդը վերցնելով քարի մի կտոր` ցանկանում է հարվածել Մանվելի գլխին և սպանել, սակայն մյուսները չեն թողնում, իսկ նրանցից մեկը Մանվելին է տալիս իր երեխայի շորերից մի կտոր, որպեսզի նա ծածկվի: Այդ նույն կինը Մանվելին վերցնում է իր հետ և տանում իրենց գյուղ` Հայաք, որտեղ էլ որոշ ժամանակ ապրում է Մանվելը:

Նկարագրված տեսարանները լավագույնս փաստում են, որ մուսուլմանական հասարակության տարբեր շերտերի և տարիքային խմբերի ներկայացուցիչներ են ընդգրկված եղել Ցեղասպանության իրականացման գործումԶարհուրելի է այն հանգամանքը, որը ընդամենը հագուստի համար շատ քրդեր, արաբներ, թուրքեր հեշտությամբ սպանել են հայերի: Այս բոլոր սարսափների միջով անցնելով և հրաշքով փրկվելով` Մանվելը ապաստանում է այդ քրդական գյուղում, աշխատում գյուղացիների տներում որպես աղախին, սակայն ամենաուշագրավն այն է, որ ամեն հնարավորություն օգտագործում է իր ազգակիցներին գտնելու համար: Տառապանքների տասը տարիների ընթացքում ազգային և կրոնական ինքնագիտակցությունը պահպանելու հարցում Մանվելի համար կարևոր դեր է խաղացել քրիստոնեական դաստիարակությունը. «Երբեք չէի մոռանում Հայր մերը ասել, շարունակ կրկնում էի այն»: Փոքրիկ երեխայի մեջ հայությունը զուգորդվել է քրիստոնեության հետ, և նա զգուշորեն սկսել է իր շրջապատում հետաքրքրվել, թե որտե՞ղ կան քրիստոնյաներ, որպեսզի այդ միջոցով գտնի նաև իր ազգակիցներին: Ի վերջո, փնտրտուքները Մանվելին հասցնում են Մոսուլ, և տեղի հայկական եկեղեցու քահանան վերցնելով նրա տվյալները` խոստանում է օգնել: Եվ իրոք, որոշ ժամանակ անց պարզվում է, որ Մանվելի ազգականներից մի քանիսը գտնվում են Հալեպում, ևշուրջ տասը տարի տառապելուց ու դեգերելուց հետո նա, ի վերջո, գտնում է ազգականներին: Այնուհետև Մանվելն իմանում է, որ իր երկու քույրերից մեկը` Օժենը, Կիպրոսում է, իսկ մյուս քույրը` Սիրուհին` ԱՄՆ-ում: 1925 թ. Մանվելը գնում է Կիպրոս, հաստատվում այնտեղ, ամուսնանում, երեխաներ ունենում և արդեն 1968 թ. տեղափոխվում Ավստրալիա: Վերջում արժե հավելել, որ իր ազգականներին փնտրելու և գտնելու կամքը Մանվելին ուղեկցում է ամբողջ կյանքում և 1985 թ. արդեն 79-ամյա Մանվելը այցելում է ԱՄՆ-ում գտնվող քրոջը` Սիրուհուն, որին վերջին անգամ տեսել էր 2 տարեկանումՑեղասպանության ականատեսները և նրանց սերունդները ոչ բոլորն են կարողացել կամ համարձակություն ունեցել գրի առնել իրենց վերապրածներն ու իմացածները, ուստի հաճախ լռել են, սակավ դեպքերում` դիմել ուրիշներին: 2008 թվականին Թուրքիայում տպագրվեց «Սարգիսը այս հողերը սիրում էր» վերնագրով մի հուշագրություն, որտեղ Գերմանիայում բնակվող հայազգի Սարգիս Իմասը վերապատմում է Ցեղասպանության մասին իր ընտանիքի հուշերը: Իր գրի առած նյութերը նա ուղարկում է թուրք լրագրող և հրապարակախոս Ֆարուք Բիլդիրիջիին` խնդրելով խմբագրել և հրատարակության պատրաստել դրանք: Սարգիս Իմասի և Ֆարուք Բիլդիրիջիի միջև հաստատվում է նամակագրական և հեռախոսային կապ, ու թուրք լրագրողը ստանձնում է հուշերի հրատարակման գործը, սակայն, ցավոք, մինչև գրքի տպագրվելը Սարգիս Իմասը վախճանվում է: Չնայած նրան, որ գրքի կազմողն առաջաբանում որոշ համահավասարեցնող մեկնաբանություններ է արել և փորձել է հատկապես վեր հանել Սարգիս Իմասի հուշերում առկա բարեկամության, եղբայրության կոչերը, սակայն, այնուամենայնիվ, գիրքը նախ թուրք գրականության հուշագրական ժանրի մեջ ավելացնում է հայկական թեմատիկայով գրված ստեղծագոր-ծությունների թիվը և, բացի այդ, ունի աղբյուրագիտական արժեք Ցեղասպանության պատմության համար: Սարգիս Իմասի մայրական պապը` Ասատուրը, Խարբերդի շրջանի Քոնաքալմազ գյուղի ջրաղացպանն է եղել և հենց այդ հանգամանքն էլ նրան փրկել է աքսորից: Ասատուրը կնոջ մահից հետո հիմնականում բնակվել է գյուղից դուրս գտնվող ջրաղացում, և երբ ոստիկանները ներխուժել են գյուղ ու բոլորին տեղահանել են` նա գյուղում չի եղել: Նրա ընտանիքը` մայրը, աղջիկը` 7-ամյա Շուշանը, տղան` 3-ամյա Անդրանիկը, գյուղի մյուս բնակչության հետ բռնել են աքսորի ճամփան և տարվել դեպի Մադեն քաղաք: Նույն օրվա երեկոյան անվերջ քայլելուց ուժասպառ Ասատուրի 70-ամյա մայրը խնդրել է իրենց ուղեկցող ոստիկանից սպանել իրեն, քանի որ այլևս չէր կարողանում քայլել: «Ընդառաջելով» տարեց կնոջ խնդրանքին` ոստիկանը հենց թոռների աչքի առաջ սվինահարում է նրան և արյունաշաղախ դիակը թողնում ճանապարհին (Bildirici F., Serkis Bu Toprakları Sevmişti, İstanbul, 2008, s. 18): Երկու մանկահասակ երեխաները մնում են տատի անշունչ մարմնի կողքին և չեն հասկանում, թե ինչ է տեղի ունեցել: Մինչև ուշ գիշեր երեխաները, փարված տատի մարմնին, խնդրում են նրան վեր կենալ և շարունակել ճանապարհը, քանի որ քարավանը գնացել է, իսկ իրենք մնացել են միայնակ: Այդպես մինչև առավոտ երկու երեխաներ տատի մարմնի կողքին կուչ եկած սպասել են` ցրտից դողալով: Առավոտյան կողմ Շուշանը եղբոր հետ ստիպված սկսում է շրջել անծանոթ վայրերում` ուտելիք գտնելու հույսով: Երբ հասնում են մոտակա գետակին, նրանց դիմաց են դուրս գալիս երեք քուրդ տղամարդ: Տեսնելով անպաշտպան երեխաներին` քրդերը սկսում են իրար մեջ ինչ-որ բան խոսել: Հետագայում պարզվում է, որ Մադեն քաղաքում բնակվող զինվորական բժիշկ Սամի բեյը այս քրդերին պատվիրել է գտնել 7-8 տարեկան աքսորյալ հայ աղջիկ երեխա, որպեսզի նա դառնա իր 3 տարեկան աղջկա ընկերուհին: Սրա դիմաց բժիշկը խոստացել է վճարել քրդերին: Եվ ահա տեսնելով Շուշանին և Անդրանիկին` քրդերը հասկացել են, որ գտել են իրենց պատվերը, սակայն նրանց պատվիրված է եղել միայն աղջիկ երեխա, ուստի 3-ամյա Անդրանիկը հարկավոր չէր: Այդ պահին տեղի է ունենում մի դեպք, որի մասին հիշողությունը ամբողջ կյանքում ուղեկցելու էր Շուշանին. մինչ քրդերից երկուսը խոսում էին իրար հետ, երրորդը մոտենում է երեխաներին. «Այդ ընթացքում կարճահասակ երրորդ մարդը մոտեցել էր երեխաներին: 

Առանց Շուշանին մի բան ասելու, փոքրիկ Անդրանիկին կոպտորեն ձեռքից բռնելով` քարշ տվեց քիչ այն կողմ հոսող գետի մոտ: Երեխայի գլուխը մտցրեց ջրի մեջ և այդպես որոշ ժամանակ սպասեց: Անդրանիկը թռչնի ձագի պես գալարվում էր: Շուշանը սարսափահար էր, ո՛չ կարողանում էր բղավել, ո՛չ էլ փախչել: Առանց շարժվելու հետևում էր եղբոր մահը: Մարդը իրական մարդասպան էր, նրա համար իր սիրուն եղբայրը ոչ մի արժեք չուներ: Սպանությունը կատարելիս այնքան հանգիստ էր, ասես անում էր աշխարհի ամենաբնական, ամենահասարակ գործը: Ակնհայտ էր, որ առաջին անգամը չէ, որ մարդ էր սպանում: Երբ երեխան անշնչացավ, նրա մարմինը դուրս բերեց ջրից և վրան ինչ հագուստ որ կար` հանեց: Իսկ փոքրիկ մարմինը արդեն նրան չէր հետաքրքրում, վերցրեց ու շպրտեց ջրի մեջ» (Bildirici F., նույն տեղում, էջ 19): Այս անմարդկային տեսարանից քարացած Շուշանին ավազակները վերցնում և տանում են քաղաքում գտնվող մի մեծ տուն ու հանձնում մի մարդու, որը վճարում է մարդասպան քրդերին: Դա զինվորական բժիշկ Սամի բեյն էր, որը Շուշանին վերցնում է իր տուն որպես որդեգիր և փոխում նրա անունը` կոչելով Սուզան: Ինչպես Սարգիս Իմասն է պատմում, Շուշանին այդ տանը լավ են վերաբերվել, և նա այդտեղ է մնացել 5-6 տարի: Տարիներ անց Մադեն այցելած շրջիկ հայ վաճառականներից մեկը նկատում է, որ երեխան հայերեն է հասկանում: Իսկ մինչ այդ Շուշանի ջրաղացպան հայրը` Ասատուրը, շարունակ փնտրել է իր կորած ընտանիքը և այս շրջիկ վաճառականին ևս խնդրել, որ եթե իր երեխաներից կամ մորից լուր իմանա` իրեն հայտնի: Խոսելով երեխայի հետ` վաճառականը հարցնում է նրա անունը, ինչին երեխան պատասխանում է, թե հիմա իր անունը Սուզան է, սակայն նախկինում իրենց գյուղում իրեն Շուշան էին կոչում: Վաճառականը այս լուրը հասցնում է Ասատուրին, որն էլ գնալով Մադեն քաղաք` այցելում է բժիշկ Սամի բեյին և ներկայացնում իրավիճակը` խնդրելով իրեն վերադարձնել երեխային. «Պարոն, դու էլ ես հայր: Իմ կյանքում այս աղջկանից բացի ոչ ոք չի մնացել: Նա էլ ձեր շնորհիվ է ողջ մնացել: Ինչ կլինի` խեղճ ու տկար հորը իր զավակից մի բաժանեք»: Բժիշկ Սամին տեղի է տալիս, սակայն նշում, որ երեխային Ասատուրին կտա միայն այն պարագայում, եթե աղջիկը ճանաչի նրան: Բժիշկ Սամին և Ասատուրը միասին գնում են տուն, և Շուշանը տեսնելով հորը` անմիջապես ճանաչում է ու հայերեն «հայրի՜կ, հայրի՜կ» բղավելով փաթաթվում նրան: Այս տեսնելով` բժիշկ Սամին Շուշանին վերադարձնում է հորը, և նրանք գնում են Քոնաքալմազ գյուղ, որն արդեն շատ էր փոխվել. նոր մարդիկ էին տեր կանգնել հայերի տներին և ունեցվածքին:Մի քանի տարի անց, երբ Շուշանը մեծանում է` նրան ամուսնացնում են Խարբերդի Թիլք գյուղից հայազգի Մարտիրոսի հետ, որը ևս Ցեղասպանությունից փրկված հայ երեխաներից է լինումԳրքում առկա է նաև Շուշանի խորթ մոր` Յեղսայի վերապրածները: Խարբերդի Նաջարան գյուղից Յեղսան Ցեղասպանության ժամանակ կորցնում է ամուսնուն և փոքրահասակ աղջկա` Մարթայի հետ աքսորվում: Հետագայում Յեղսան իր հուշերում նկարագրում է աքսորի ճանապարհին տեղի ունեցած ստրկավաճառության տարբեր դրվագներ. «Ճանապարհին ցանկացած մուսուլման իր ուզած հայ կնոջը, աղջկան կարող էր հանգիստ վերցնել: Քարավանին ուղեկցող զինվորների ղեկավարին մի քանի գրոշ տալով` ասես ձմերուկ կամ սեխ ընտրելու նման, իր ուզած հայ կնոջը վերցնում տանում էին մուսուլմանները»: Նմանատիպ ճակատագիր է բաժին հասնում Յեղսային, որին մի քանի գրոշով գնում է մի մուսուլման գյուղացի, որը հետո նրան կրոնափոխ է անում և ամուսնանում հետը: Ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ երկու ամիս իր «ամուսինը» համարված մարդու անունն անգամ չի հիշատակում Յեղսան իր հուշերում և ակնհայտ է, որ նրան տանջում է նաև բարոյական հարցեր. «Խառը զգացումների մեջ երկու ամիս անցկացրեցի, սակայն դրանք ինձ համար հարյուրամյակների չափ երկար թվացին: Թե ինչպես են այդ ամիսները անցել միայն ես և Աստված գիտենք: Ես ինքս ինձ անընդհատ ասում էի. «Միայն իմ մարմինն է պղծվում, հոգիս մասմաքուր է մնալու»» (Bildirici F., նույն տեղում, էջ 137-139): Այստեղ ի հայտ են գալիս նաև առևանգված և բռնությամբ մուսուլմանի կին դարձած հայուհիների վերինտեգրման խնդիրները, թե ինչպե′ս են նրանք իրենք իրենց հաղթահարելու և առևանգիչ-մարդասպանի կինը լինելուց հետո ինչպե′ս են վերադառնալու իրենց նախկին միջավայր: Ահա հենց այս մտորումներն են, որ շատ հայուհիների նույնիսկ հնարավորության դեպքում հետ են պահել մուսուլմանական գերությունից ազատվելու իրական հնարավորությունները օգտագործելուց: Յեղսան իր հետ է վերցնում նաև մանկահասակ աղջկան` Մարթային, որին ի պահ են տալիս նրա նոր մուսուլման «ամուսնու» ազգականներից մեկին: Որոշ ժամանակ անց հայ աղջիկ երեխային խնամքի վերցրած ընտանիքի տղամարդը բռնաբարում է նրան, վերջինս մի կերպ հասնում է ամառային արոտավայրում գտնվող մոր մոտ, որից հետո նրանք փախչում ու ապաստանում են իրենց հեռավոր ազգական Ասատուրի ջրաղացում:Ավելի ուշ Յեղսան ու Ասատուրը ամուսնանում են, ունենում երկու երեխա, իսկ Մարթան գաղթում է Խորհրդային Հայաստան ու այստեղ ընտանիք ձևավորում: Սարգիս Իմասի հուշերում նաև տեղ է գտել ուշագրավ մի տեղեկություն այն մասին, թե ինչպես Ցեղասպանության ժամանակ Խարբերդի Թիլք գյուղից Ղազար Թորայանը իր մոր և քրոջ հետ մի քանի օր հերոսական դիմադրություն է ցույց տվել քուրդ ջարդարար խաժամուժին, սպանել շատերին և ինքն էլ մահացել զենքը ձեռքին հերոսական մահով:

Այսպիսով` կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայության այս պարագայում երեխաների վկայությունների մի յուրահատուկ դրսևորում են այն պատմությունները, որոնք էլ հիմք են դարձել թուրքալեզու հուշագրությունների հրատարակման համար: Սրանք մի կողմից լինելով ականատես-վերապրողի վկայություն, մյուս կողմից փոքր-ինչ գեղարվեստական գունավորմամբ էլ ավելի մատչելի են դառնում ընթերցանության համար, իսկ դրանց թուրքերեն լինելը կարող է թեկուզ և փոքր, սակայն նպաստավոր քայլ լինել թուրքական անտեղյակ և ժխտողական քաղաքականության զոհ հասարակությանը ճշմարտությունը իմանալու ճանապարհին:
Scroll Up