Սահմանին զոհված Էրիկը այսօր պետք է զորացրվեր…

Հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետեւանքով զոհված զինծառայող Էրիկ Գրիգորյանն այսօր պետք է զորացրվեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Շաքիի գյուղապետ Վահան Ղազարյանը, որի համագյուղացին է այս գիշեր զոհված զինծառայողը:

«Այսօր պետք է զորացրվեր, ընտանիքում սպասում էին, այն էլ առավոտյան իմացանք, որ զոհվել է… Սարսափելի բան է, ընտանիքում Էրիկի վերադարձին էին սպասում»,- ասաց գյուղապետը:

Էրիկը տան փոքրն էր, իրենից մեծ 3 եղբայր եւ 1 քույր ուներ: Գրիգորյաններն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ 2015թ. դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը:

Scroll Up