Լավրովը, Քերին և Դեզիրը հայտարարություն են տարածել. Մինսկի խմբի ձևաչափն ամենաընդունելին է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցված կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը հակամարտության կողմերի համար ընդունելի միակ ձևաչափն, որը վայելում է նաև ԵԱՀԿ բոլոր անդամ երկրների վստահությունը: «Արմենպրես»-­ի փոխանցմամբ՝ Բելգրադում ընթացող ԵԱՀԿ նախարարների խորհրդին նման հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ նախարարական հավաքում Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը նորից վերահաստատել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը համատեղ միջնորդելու հանձնառությունը: Նրանք ողջունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգասյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայանալիք հանդիպումը: «Վերջին շրջանում լարվածության աճի հետ կապված մենք հորդորում ենք կողմերին կրկին հանձն առնել հակամարտության խաղաղ կարգավորումը և փարատել բոլոր թյուրընկալումներն այն մասին, որ իրենք լուրջ չեն տրամադրված բանակցված կարգավորման հասնելու իրենց մտադրություններում: Կողմերը պետք է շարունակեն դեռևս 2014 թվականին Սոչիում, Ուելսում և Փարիզի գագաթնաժողովում սկսված քննարկումները համապարփակ կարգավորման բաղադրիչների շուրջ, և պետք է ակտիվացնեն երկխոսությունը 2016 թվականին՝ այն առաջարկությունների հիման վրա, որ ներկայումս դրված են քննարկման»,-­ ասվում է նախարարական հավաքի պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունում:

ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչներն ընդգծել են, որ այս տարի բռնությունների զգալի ավելացումը շփման գծում և հայ­ադրբեջանական սահմանում անկայուն է դարձրել ստատուս­քվոն: Նրանք հատկապես դատապարտել են ականանետերի և մյուս ծանր զինատեսակների օգտագործումը և ցավակցություն հայտնել դրանց պատճառած քաղաքացիական կորուստների համար. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ռազմական լուծում գոյություն չունի, որևէ բան չի կարող արադարացնել խաղաղ քաղաքացիական անձնաց սպանությունը և վիրավորումները: Մենք խստագույնս կոչ ենք անում կողմերին նվազեցնել լարվածությունը և պաշտպանել բնակիչներին: Համանախագահներն առաջարկել են ռիսկի նվազեցման միջոցառումներ, այդ թվում` ԵԱՀԿ հետաքննչական մեխանիզմներ, որոնք կողմերին կոչ ենք անում ներդնել»:

Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները ողջունել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո կորած անձանց մասին տեղեկատվության փոխանակման գործում գրանցված առաջընթացը և խրախուսել հետագա համագործակցությունը ԿԽՄԿ­ի հետ: Ընդգծվել է, որ ԵԱՀԿ­ն պետք է երաշխավորի բավարար ֆինանսավորում այս կարևոր մարդասիրական միջոցառման լիակատար ներդման համար:

Համատեղ հայտարարությամբ կոչ է արվել ԼՂ հակամարտության կողմերին ազատ արձակել բոլոր գերիներին, որը համահունչ է 2010 թվականի հոկտեմբերին` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշանության նախագահների կողմից ընդունված Աստրախանի հռչակագրի ոգուն: Հարևան ժողովուրդների միջև փոխվստահության ձևավորման նպատակով շեշտվել է հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսության անհրաժեշտությունը:

«Վերջին տարվա ընթացքում մենք ականատես եղանք ԵԱՀԿ համանախագահների և Մինսկի խմբի ձևաչափի դեմ ուղղված հարձակումների: Մենք շեշտում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը հակամարտության կողմերի համար ընդունելի միակ ձևաչափն է, որը վայելում է նաև ԵԱՀԿ բոլոր անդամ երկրների վստահությունը: Բանակցային գործընթացում եղած արգելքների մեջ համանախագահներին մեղադրելու ցանկացած փորձ միայն քողարկում է խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտը, այն է` բանակցված կարգավորման հասնելու ոչ բավարար քաղաքական կամքը Հայաստանում և Ադրբեջանում»,­ -նշվում է հայտարարության ամփոփման մեջ:

Scroll Up