«Ջուղայի խաչքարերի սպանդը» խորագրով լուսանկարների ցուցահանդես Բելգիայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/Բելգիա-ցուցահանդես.jpg)
Նոյեմբերի 13-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքի «RIX» մշակութային կենտրոնում ՈՍՏԱՅՆի անդամ «Նուարդ» հայկական մշակութային միությունը կազմակերպել էր «Ջուղայի խաչքարերի սպանդը» խորագրով լուսանկարների ցուցահանդես: Շուրջ չորս տասնյակ լուսանկարներն այցելուներին ներկայացրեցին Ջուղայի հայկական խաչքարերի արարումն ու նրանց բարբարոսական ոչնչացման ընթացքը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Բելգիայի «Նուարդ» մշակութային միության լրատվական ծառայությունից:
Ցուցահանդեսի շրջանակում դասախոսությամբ հանդես եկավ «Նուարդ» հայկական մշակութային միության նախագահ Գևորգ Մինասյանը: Նա պատմական տեղեկություններ հայտնեց Նախիջևանի, Ջուղայի խաչքարերի մասին, խոսեց Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի, Նախիջևանի ադրբեջանականացման, նախիջևանաբնակ հայերի ու խաչքարերի ճակատագրերի մասին:
Ցուցահանդեսի ընթացքում տարբեր լեզուներով ցուցադրվեցին երկու փաստավավերագրական ֆիլմեր, որոնք նույնպես այցելուներին իրազեկեցին ադրբեջանական իշխանությունների բարբարոսական վերաբերմունքի մասին՝ հանդեպ հայկական պատմական ու մշակութային կոթողների:
Այցելուներին նաև տրամադրվեցին խնդրո առարկա հարցի մասին տեղեկատվական նյութեր:
Ցուցահանդեսը կազմակերպել էր «Նուարդ» հայկական մշակութային միությունը: Եվ ինչպես նշեց միության նախագահ Գևորգ Մինասյանը՝ միությունը մտադրություն ունի ցուցահանդեսը կազմակերպել Բելգիայի այլ քաղաքներում և հարևան երկրներում: