Իռլանդիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/ցուցահանդես3.jpg)
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լուսանկարների ցուցադրություն է կազմակերպվել Իռլանդիայի Քորք քաղաքի Կենտրոնական գրադարանում:
Իռլանդիայի հայ համայնքի պաշտոնական կայքի փոխանցմամբ` ցուցադրության նախաձեռնողն ու կազմակերպիչը տեղական համայնքի ներկայացուցիչ Ջիմի Լինչն է: Բացման արարողությանը ելույթ է ունեցել փոխքաղաքապետ Միք Նուգենտը, ով խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, ինչպես նաև այն փաստագրական ահռելի նյութերից, որոնք ապացուցում են Ցեղասպանության եղելությունը: Ընդ որում, Նուգենտն այն քաղաքական կուսակցությունից է, որը 2015 թվականի առաջին ամիսներին հորդորել էր Իռլանդիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Իռլանդիայում Հայաստանի պատվո հյուպատոս Օհան Երգայնհարսյանը, ով Ցեղասպանության վերապրածների ժառանգ է, հակիրճ ներկայացրել է իր ընտանիքի պատմությունը:
Հյուրերի շարքում էր իռլանդացի գրող Մարտինե Մադենը: Նա «Անյուշ» գրքի հեղինակն է, որտեղ ներկայացված է հուզիչ պատմություն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում գտնվող հայերի ճակատագրի վերաբերյալ: Իր ելույթը Մադենն ավարտել է Ադոլֆ Հիտլերիհայտնի խոսքերով. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:
Իռլանդիայի հայկական համայնքը ներկայացնող Արամ Հախումյանը նշել է, թե որքան կարևոր է Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումը: Նա շնորհակալություն է հայտնել Կենտրոնական գրադարանին ցուցադրությունն ընդունելու համար:
Ակնկալվում է, որ կրթական նշանակություն ունեցող ցուցահանդես կհաճախեն մեծ թվով դպրոցականներ: Ցուցադրությունը բաց կլինի մինչև նոյեմբերի վերջ: