Արցախյան տոնավաճառ Բեյրութում
Դեկտեմբերի 11-13-ին Լիբանանի մայրաքաղաքում կազմակերպվելու է Արցախյան տոնավաճառ, որի ընթացքում կցուցադրվեն և վաճառքի կհանվեն Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Հայաստանում արտադրված տարբեր ապրանքատեսակներ՝ հուշանվերներ, մեղր, քաղցրավենիք, գեղանկարներ ու արվեստի այլ գործեր: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնից:
Եռօրյա ցուցահանդես-տոնավաճառը տեղի է ունենալու ԱԶԴԱԿ օրաթերթին կից ՓՅՈՒՆԻԿ սրահում: Այն կազմակերպել է Լիբանանի ԱՐՑԱԽ ֆոնդը, որը 2008-ից ի վեր ամեն տարի մեկական կթու կով է նվիրում Արցախի Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնվում է երրորդ և հաջորդ երեխան:
Այս աշխատանքների ոգեշնչողը և շարժիչ ուժը Մարալ Մահսերեճյանն է, ով տարվա ընթացքում մի քանի շաբաթ անց է կացնում Կովսականում և Արցախի այլ վայրերում՝ օգնելու հայ աղջիկներին ու կանանց:
“Մենք ձուկը չենք տալիս, այլ՝ ուռկանը”,- ոգևորված պատմում է նա և մեկը մյուսի հետևից ցույց տալիս Արցախի կանանց ձեռագործ աշխատանքները:
Հայրենասիրությունը խոսք չէ, այլ շատ հստակ, կոնկրետ, բայց նաև դժվար գործ: Արցախ ֆոնդը և նրա տիկնանց օժանդակ մարմինը 2008-ից ի վեր լուռ կերպով, բայց նաև հպարտության զգացումով շարունակում են հայրենասիրական գործը: