«Սփյուռք» բառը Թուրքիայում թշնամական իմաստով է կիրառվում. պոլսահայ պատգամավոր
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր, պոլսահայ Սելինա Դողանը հայտնել է, որ աշխատում են վերացնել Թուրքիայում թշնաբար կիրառվող «սփյուռք» բառի բացասական ընկալումը:
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորն ասել է Թուրքիա այցելած հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որոնք մասնակցում են «Հրանտ Դինք հիմնադրամի» կազմակերպած «Թուրքիա-Հայաստան լրագրողների երկխոսություն» ծրագրին:
Դողանը գոհունակություն է հայտնել, որ մամուլի ներկայացուցիչների համար բաց ճանապարհ կա, որ հնարավորություն կա նրանց հետ հանդիպել մի ժամանակաշրջանում, երբ Թուրքիայում մամուլի ազատությունը կոպտորեն խախտվում է: Պոլսահայ քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ իր դիրքորոշումը պատճառ կդառնա երկու երկրների միջև կարծրատիպերը կոտրելու և հասարակական կազմակերպությունների, երկու ժողովուրդների, ինչպես նաև քաղաքական գործիչների հարաբերությունների ամրապնդելու և զարգացնելու համար:
Անդրադառնալով հայկական սփյուռքին՝ Դողանը նշել է, որ, ցավոք, «սփյուռք» բառը Թուրքիայում թշնամական իմաստով է կիրառվում: «Մենք ակտիվ աշխատում ենք «սփյուռք» բառի բացասական ընկալումը վերացնելու ուղղությամբ: Որպեսզի այդ բացասականը դրականով փոխարինենք, ամեն պատեհ առիթով ասում ենք, որ այդ մարդիկ Անատոլիայի մեր քաղաքացիների թոռներն են, որոնց պապերը ստիպված են հեռացել: Բացի այդ նշում ենք, որ պետք է պայքարենք սփյուռքի թշնամացման դեմ և պետք է հնարավոր ամեն ինչ անել արտերկրում ապրող հայերի հետ կրկին քաղաքացիական կապեր հաստատելու համար»:
Դողանը նաև նշել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի բռնագաղթի պատճառով քաղաքացիությունը կորցրած մարդիկ կարողանան հետ ստանալ իրենց քաղաքացիությունը:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա գտնված ԺՀԿ-ի նախագահի տեղակալ Սեզգին Թանրըքուլուն հայտնել է, որ Հրանտ Դինքն իր մտերիմ ընկերներից է եղել: Թանրըքուլուն նշել է, որ Դինքի ողբերգական մահը երկու ժողովուրդների միջև կամուրջ ստեղծեց: Նա նաև ողջունեց «Հրանտ Դինք հիմնադրամի» աշխատանքը, որն ուղղված է երկու երկրների միջև կարծրատիպերը կոտրելուն և երկխոսություն հաստատելուն: