21-ամյա Էլեն Կարապետյանը՝ «Միսս Բելգիայի հայ» մրցույթի հաղթող
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/Միսս-Բելգիա.jpg)
Պատմության մեջ առաջին անգամ Բելգիայի Գենտ քաղաքում կայացել է «Միսս Բելգիայի հայ» գեղեկցության մրցույթը, որի շրջանակում 12 հայուհիներ պայքարել են Բելգիայի հայ համայնքի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսին արժանանալու համար:
Ինչպես Բելգիայից տեղեկացնում է «Արմենպրես»ի թղթակիցը, ժյուրիի ընտրության արդյունքում հաղթող է ճանաչվել 21ամյա Էլեն Կարապետյանը: Հայ կնոջ գեղեցկությունն ի ցույց դնելուց զատ մասնակցիները ցուցադրել են տարբեր տաղանդներ. նրանք նվագել են երաժշտական գործիքներ, արտասանել են չափածո ստեղծագործություններ, պարել են և ներկայացրել ավանդական ու ժամանակակից երգեր: Ժյուրին ստուգել է նաև նրանց ընդհանուր գիտելիքները` Բելգիայի ու Հայաստանի մասին հարցեր տալով: Միջոցառումը կազմակերպվել է Կարինե և Աննա Օհանյան քույրերի ու նրանց ընկերոջ՝ Տաթև Մանուկյանի կողմից:
Խոսելով մրցույթի կազմակերպման գաղափարի մասին՝ Կարինե Օհանյանն «Արմենպրես»ին ասել է. «Մենք ցանկանում ենք օգնել Բելգիայի հայ աղջիկներին մեդիայում դառնալ ավելի տեսանելի, և հուսով ենք, որ նրանք ավելի ակտիվ կլինեն անելու ամենը, ինչ սիրում են: Աղջիկները չպետք է գնահատվեն միայն իրենց գեղեցկության համար: Իհարկե, կարևոր է լավ տեսք ունենալը, սակայն մենք կարծում ենք, որ գիտելիքն ու տաղանդն ավելի կարևոր են»: «Միսս Բելգիայի հայ» մրցույթի հաղթող Էլեն Կարապետյանը նշել է, որ ցանկանում է ուժեղացնել Բելգիայի հայերի կերպարն ինչպես երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի շատերն իր փորձից ոգևորված կմասնակցեն մրցույթին: Որպես հաղթող՝ Կարապետյանը պատրաստվում է մասնակցել մրցույթի հովանավորների կազմակերպած երեկոներին ու լուսանկարչական սեսիաներին: Նա կուղևորվի նաև Հայաստան՝ որպես Բելգիայի հայերի ներկայացուցիչ:
Գեղեկցության մրցույթի կազմակերպիչները հայտնել են, որ նախատեսում են նմանօրինակ մրցույթներ կազմակերպել նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում: Ավելի ուշ այդ մրցույթների հաղթողները կմրցեն «Միսս Եվրոպայի հայ» մրցույթում: