«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխություն-2015

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2015թ. մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարում են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում`

1.    «Մայրենիի պաշտպան» (անհատ/կազմակերպություն),

2.    «Լավագույն հայկական համայնք»,

3.    «Հայկական ավանդական ընտանիք»,

4.    «Լավագույն գեղարվեստական խումբ» (պարային համույթ, երգչախումբ, նվագախումբ):

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:

Բոլոր անվանակարգերում սահմանված են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և խրախուսական մրցանակներ:

1. «Մայրենիի պաշտպան» մրցույթի կազմակերպման նպատակն է խրախուսել սփյուռքյան կառույցներին և անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, հայեցի լեզվամտածողության ձևավորման, հայեցի կրթության և դաստիարակության, Սփյուռքի գրական-գեղարվեստական կյանքի զարգացման բնագավառում:

«Մայրենիի պաշտպան» մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող համայնքային կազմակերպություններ, կրթօջախներ, մշակութային հաստատություններ, մայրենի լեզվի ուսուցիչներ, լեզվաբաններ, մշակույթի, գրական գործիչներ, գործարարներ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև 2015թ. նոյեմբերի 15-ը:

Հայտադիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև

-լուսանկար,

-կրթության մասին փաստաթուղթ (պատճենը),

-համայնքի, կառույցի կամ դպրոցի բնութագիր-երաշխավորագիր,

-որպես «Մայրենիի պաշտպանի» իր գործունեության նկարագիրը:

-նյութեր, այդ թվում՝ տեսանյութեր, որոնք կփաստեն մայրենիի պահպանման, տարածման ուղղությամբ կամ հայերենի զարգացմանը նպաստող գործունեության, իրականացրած ծրագրերի մասին:

2. «Լավագույն հայկական համայնք» մրցույթի նպատակն է ի հայտ բերել, խրախուսել Սփյուռքում հայապահպանության գործն առավել արդյունավետությամբ իրականացնող հայկական համայնքների, համայնքային կառույցների և կազմակերպությունների գործունեությունը, որը նպատակաուղղված է՝

    • ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, համայնքի ինքնակազմակերպմանն ու համախմբմանը,
    • հայոց լեզվի, ազգային պատմամշակութային արժեքների, ավանդույթների, սովորույթների պահպանմանը, զարգացմանը և տարածմանը,
    • Հայրենիք-Սփյուռք և համայնք-համայնք կապերի ամրապնդմանը, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերին մասնակցությանը,
    • բնակության երկրի օրենսդրությամբ ազգային փոքրամասնությունների համար սահմանված իրավունքների և արտոնությունների իրացման նպատակով տեղի իշխանությունների հետ համագործակցության խորացմանը,
    • բնակության երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում մեր հայրենակիցների առավելագույն ինտեգրմանը, որպես օրինապաշտ քաղաքացիների ձևավորմանը և կայացմանը,
    • բնակության երկրի իշխանություններին և հասարակությանը հայության հիմնահարցերի պատշաճ ներկայացմանը և լոբբինգին:

 Մրցույթի համար սահմանված են

«Ամենակուռ/համախումբ հայկական համայնք,

«Ամենահայախոս հայկական համայնք,

«Ավանդապաշտ հայկական համայնք»,

«Ամենանախաձեռնող հայկական համայնք»,

«ՀՀ ՍՆ համահայկական ծրագրերին առավել ակտիվ մասնակցող հայկական համայնք»

անվանակարգերը:

3.«Հայկական ավանդական ընտանիք» անվանակարգով մրցույթի նպատակն է՝

  • Սփյուռքի հայ համայնքներում սերունդների գնալով խորացող լեզվամշակութային ուծացման, լեզվի կորստի, ազգային ինքնության գիտակցումից, ազգային արմատներից,  հայ հոգևոր-մշակութային արժեքներից աստիճանական հեռացման, օտար հանրություններին բնորոշ բարքերի ազդեցության ուժեղացման պայմաններում հայապահպանության գլխավոր հենասյունը, միջուկը, հանդիսացող հայկականությունը կրող ընտանիքների դերն ու նշանակությունը, օրինակը ներկայացնելն է:
  • Ավանդապաշտ, ընտանիքում հայկականությունը, մայրենի լեզուն, ազգային ավանդույթները, սովորույթները, հայկական ընտանեկան բարքերը պահպանող, ազգային կենսակերպով ապրող, հայկական կենցաղային սովորույթներն ու ազգային խոհանոցը, ուտեստները պատվող ընտանիքների խրախուսումը:
  • Հայեցի և քրիստոնեական ընտանեկան դաստիարակության գործում հայ ընտանիքների դերակատարության բարձրացումը: 

4.«Լավագույն գեղարվեստական խումբ» (պարային համույթ, երգչախումբ, նվագախումբ):Մրցույթի նպատակն է Սփյուռքի հայկական համայնքներում հայ հոգևոր-մշակութային, ազգային արժեքների պահպանման, տարածման, հայ սերունդներին հայ ինքնության ոգին հաղորդելու,  հայապահպանության գործում պարային համույթների, երգչախմբերի, նվագախմբերի գործունեության գնահատումը:

Վերը թվարկած մրցույթներին մասնակցության հայտերի ընդունումը կսկսվի մրցանակաբաշխության հայտարարման օրվանից և կշարունակվի մինչև յուրաքանչյուր անվանակարգի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը։ Փոստով առաքված հայտերն ընդունելիս որպես հիմք կընդունվի առաքման օրվա վերաբերյալ փոստային նշումը։

Մրցութային հանձնաժողովը կարող է դիմել հայտատուին` վերջինիս գործունեությունը լուսաբանող լրացուցիչ տպագիր նյութեր, գրքեր, հրատարակություններ, բրոշյուրներ, տեսաերիզներ, լուսանկարներ և այլ լրացուցիչ նյութեր տրամադրելու խնդրանքով:

Մրցույթների արդյունքները կամփոփվեն 2015թ. տարեվերջին կամ 2016 թ. հունվար-փետրվար ամիսներին:

Յուրաքանչյուր անվանակարգի համար գործում են մասնագիտական մրցութային հանձնաժողովներ:

Բոլոր անվանակարգերում մրցանակակիրներից կպահանջվեն նաև բանկային տվյալներ (անվանում, հասցե, SWIFT, հաշվեհամար), ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն:

Մրցույթներին մասնակցել ցանկացողները մասնակցության հայտերը լրացնում և ներկայացնում են հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.  Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 կամ էլ. հասցեներով՝ allarmenian@mindiaspora.am; gitakrtakan.diaspora@yandex.ru; gitakrtakan-diaspora@mail.ru:

Մրցանակաբաշխության իրականացման պատասխանատու՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժին (Հեռ.՝ +37410 58 56 01 (117, 108, 109), +37460 500-830):

«Հայապահպանության գործում նշանակելի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2015թ. տեղեկատվական փաթեթը հետագայում` մրցութային հանձնաժողովների աշխատանքների, մրցույթների արդյունքների մասին տեղեկատվությունը կտեղադրվեն ՀՀ սփյուռքի նախարարության կայքէջում` www.mindiaspora.am, ինչպես նաև՝ նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի պաշտոնական կայքում՝ www.hayernaysor.am: 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կցված նյութեր`

2.Application-Mayrenii.pasht.anhat 3.Application-Mayrenii.pasht.kazm. 4.Application.community 5.Application.gexarvestakanKhumb 6.Application.haykakan.yntaniq.15

 

Scroll Up