Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի.-ին
Ամենապատի՛վ և գերերջանի´կ Տեր,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Անկասկած մեծ է Ձեր նվիրումը Հայ Կաթողիկե եկեղեցուն և անսահման՝ սերն ու պատասխանատվությունը, որոնք ուղղորդում են Ձեզ երկնահաճո Ձեր գործունեության մեջ:
Այս մասին են վկայում նաև դեռևս Ֆրանսիայի հայ կաթողիկե համայնքում, Հայ Կաթողիկե Մեսրոպյան վարժարանում և Զմմառի դպրեվանքում Ձեր ծավալած հոգևոր ու ազգային նվիրյալ ծառայությունը:
Ամենապատի՛վ և գերերջանի՛կ Տեր,
Հաճելի էր, երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկները համակարգող պետական հանձնաժողովի նիստին մասնակցելու առիթով Հայաստանում գտնվելու օրերին ժամանակ գտաք և այցելեցիք նաև ՀՀ սփյուռքի նախարարություն: Ձեզ հետ կայացած հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց Հայ կաթողիկե եկեղեցու և Հայաստանի անքակտ ու կառուցողական համագործակցության մասին, որը, վստահ եմ, է՛լ ավելի է խորանալու:
Ձեր Հայաստան կատարած այցն, անշուշտ, ուներ նաև իր հոգևոր խորհուրդը: Քանզի թարմ են տպավորությունները Գյումրիում Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Առաջնորդանիստ եկեղեցու օծման ու Սուրբ պատարագի, Հռոմի պապի ներկայացուցիչ կարդինալ Լեոնարդո Սանդրիի համանախագահությամբ և Ձերդ Ամենապատվության ձեռամբ, որն իր դռները բացեց հազարավոր հավատացյալների առջև: Այն Հայ Կաթողիկե եկեղեցու նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների անմար հիշատակի ու ոգեկոչման հերթական խնկարկումն էր:
Վստահ եմ, որ շարունակելու ենք մեր կառույցների միջև ձևավորված համատեղ նախաձեռնությունները, մասնավորապես՝ Զմմառի եկեղեցու մատենադարանի ձեռագրերի թվայնացման աշխատանքները, ինչի շնորհիվ մշակութային այդ թանկարժեք նմուշները փրկվեցին ոչնչացումից և հասանելի դարձան ապագա սերունդներին:
Ուզում եմ հույս հայտնել, որ թվայնացված ձեռագրերի կրկնօրինակները երբևէ իրենց տեղն են գտնելու նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում՝ հասու դառնալով ուսումնասիրողներին և այցելուներին:
Մեծ է նաև Հայ Կաթողիկե եկեղեցու բերած ավանդը՝ նյութական և բարոյական մեծ աջակցությունը սիրիահայերին, որ Հայրենիքում բազմաթիվ սիրիահայ ընտանիքների համար ջերմության և սիրո յուրօրինակ աղբյուր է դարձել:
Ամենապատի՛վ և գերերջանի՛կ Տեր,
Իմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ:
Թո´ղ Ձեր հովվապետական առաջնորդությամբ Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը նոր հաջողություններ ունենա, և թող Աստծո օրհնությամբ առավել արգասավորվեն Հայրենիքի և Սփյուռքի խաղաղությանն ու բարօրությանն ուղղված Ձեր ազգապահպան ձեռնարկները:
Թո´ղ Աստված Ձեզ պարգևի երկար տարիների բեղուն կյանք` ի փառս Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկե Եկեղեցու և ի ոգևորություն հայ կաթողիկե համայնքների:
ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ