Փարիզում փնտրում են 17-ամյա հայ աղջկա և նրա հորը
Փարիզում փնտրում են երկու ֆրանսահայերի` 17-ամյա աղջկա և նրա հորը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը Ֆրանսիայից: «Փնտրվում են Լոլա Ուզունյանը (17 տարեկան) և նրա հայրը, որոնք «Բատակլան» համերգասրահում էին նոյեմբերի 13-ի երեկոյան», տեղեկացրեց Չոբոյանը:
01:43 Հիլդա Չոբոյանը նոր տեղեկություններ հաղորդեց Փարիզից` նշելով, որ Լոլա Ուզունյանը և հայրը համերգասրահի խառնաշփոթում իրար կորցրել են։ Հորը հաջողվել է դուրս գալ։ 17ամյա Լոլայից ոչ մի լուր չկա։
01:53 «Կապ հաստատեցի Լոլայի զարմուհու հետ, որպեսզի ավելի ճշգրիտ տեղեկություն ստանամ։ Լոլայի ընտանիքը անձկությամբ սպասում է լուրերի։ Նրանց ասվել է, որ պետք է սպասեն մինչև առաջիկա երկուշաբթի», ասաց Հիլդա Չոբոյանը: