Հայոց ցեղասպանությունն անդրադարձավ նաեւ Օսմանյան Թուրքիայի մյուս բոլոր քրիստոնյաների վրա. Rhein Neckar Zeitung
20-րդ դարի ցեղասպանությունները հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել միայն այն պատճառով, որ այդ մարդիկ կոնկրետ կրոնական կամ էթնիկ խմբին էին պատկանում։ Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի համալսարանի մեծ սրահում «Հալածված եւ բնաջնջված. Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները 1915-2015թթ.» թեմայով հիշատակի արարողություն է կայացել, ըստ News.am-ի` գրում է Rhein Neckar Zeitung-ը։
Արարողությունը կազմակերպել էին Գերմանիայում ապրող արամեացիները, որոնք նույնպես Հայոց ցեղասպանության զոհն են դարձել։
«Հարյուր տարի անց մենք հիշում ենք սպանված, սովից եւ ծարավից մահացած, անդամահատված, բռնաբարված երեխաներին, կանանց եւ տղամարդկանց»,- ասել է Գերմանիայի արամեացիների դաշինքի նախագահ Դանիել Դեմիրը։
Անդրադառնալով թուրքական արշավանքներից հետո անկում ապրած արամեական քաղաքակրթությանը՝ նա նշել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվել են նաեւ բազմաթիվ արամեացիներ։
«Մեր ազգի դեմ ոտնձգություններն իրենց գագաթնակետին հասան 1915թ. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ քրիստոնյաների հալածանքների ժամանակ։ Այդ ջարդերն աշխարհին հայտնի են որպես Հայոց ցեղասպանություն, որը սակայն անդրադարձավ նաեւ Օսմանյան կայսրությունում ապրող մյուս քրիստոնյաների վրա»,- ասել է Բեռլինի Ազատ համալսարանի պրոֆեսոր Շաբո Թալայը եւ հիշեցրել, որ մինչեւ 20-րդ դարը Օսմանյան Թուրքիայի 13 մլն բնակիչների 1/3-ը քրիստոնյաներ էին։
«Հայոց ցեղասպանությանը զոհ գնաց 1.5 մլն հայ եւ 350 000 պոնտացի հույն»,- հիշեցրել է պարբերականը։