ԱԺ-ն ընդունեց Բերդին և Ճամբարակին հարկային արտոնություններ տրամադրող օրինագիծը

Սահմանամերձ գյուղական համայնքներին տրվող հարկային արտոնություններից օգտվող համայնքների ցանկում կընդգրկվեն նաև Բերդ և Ճամբարակ քաղաքային համայնքները: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց համապատասխան օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սահմանամերձ գյուղական համայնքներին տրվող հարկային արտոնությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: Նախագծով առաջարկվում է նաև սահմանամերձ համայնքներում արտադրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար հնարավորություն ստեղծել սեփական կամքով գործունեություն ծավալել ավելացված արժեքով հարկման դաշտում՝ հրաժարվելով օրենքով սահմանված արտոնություններից: Սա հիմնականում արվում է նրանց համար, ովքեր արտադրության կազմակերպման համար հումքը ներկրում են արտերկրից:
Արտոնություններից չհրաժարվելու դեպքում տնտեսավարողը ավելացված արժեքի հարկը պետք է ներառի և ծածկագրի ապրանքի արժեքում, իսկ գնորդը պետք է լրացուցիչ ավելացված հարկի արժեք վճարի, ինչը տվյալ արտադրանքը կդարձնի ոչ մրցունակ: