Հայերը կարող են դատական հայց ներկայացնել Գերմանիայի դեմ. Ջեֆրի Ռոբերթսոն

Հայերը կարող են դատական հայց ներկայացնել Գերմանիայի դեմ, որը հանդուրժեց Ցեղասպանությունը եւ այդ կերպ հանցակից դարձավ։ Այդ մասին  ըստ NEWS.am-ի` Լոս Անջելեսում Հանրային հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում ասել է  հանրահայտ բրիտանացի իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում «Փերինչեքի» գործով ՀՀ շահերը ներկայացնող թիմի անդամ Ջեֆրի Ռոբերթսոնը։

Փաստաբանի խոսքով, ինքը վաղուց էր ակնկալում, որ հայերը նախաձեռնեն փոխհատուցման գործընթաց։ Նա մատնանշել է նաեւ իր կարծիքով դրա արդյունավետ ճանապարհները։ «Ես ժամանակին մեղադրում էի հայերին, որ փոխհատուցման քայլեր չեն ձեռնարկում։ Եւ այս ապրիլին վերջապես Կիլիկիո կաթողիկոսությունը դիմեց Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ վերադարձնելու եկեղեցապատկան գույքը, որը թուրքերն ապօրինաբար խլել են 1915թ., Ցեղասպանության ժամանակ։ Դա սկիզբն է։ Կարծում եմ՝ հաջողությամբ կպսակվի։ Իսկ փոխհատուցման գործընթացի հետագա հաջողության համար կարելի է կիրառել նաեւ Ցեղասպանության միջազգային կոնվենցիան՝ փաստարկելով, որ դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր»,- նշել է նա։

Ռոբերթսոնի խոսքով, հայերը կարող են դատական հայց ներկայացնել Գերմանիայի դեմ։ «Գերմանիան հանցակից էր, քանի որ հանդուրժեց ցեղասպանությունը։ Կարող էր կանխել, բայց չարեց։ Այդ նույն հիմքով Սերբիան պատասխանատվության ենթարկվեց Սրեբրենիցայի ցեղասպանության համար, որովհետեւ Միլոշեւիչը գիտեր՝ ինչ է տեղի ունենում եւ ոչինչ չձեռնարկեց։ Այնպես որ կարելի է լրջորեն մտածել այս ուղղությամբ»,- արձանագրել է նա։

Դիտարկմանը, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի հիմնական երկրներից է, որի հետ գործընկերությունը կարեւոր է Արեւմուտքի համար, Ջեֆրի Ռոբերթսոնը պատասխանել է. «Անժխտելի է Թուրքիայի արժեքը Արեւմուտքի աչքում, սակայն պատմական փաստերն ամեն ինչից վեր են։ Թուրքիան կարող է իր օդանավակայանները փակել Դաշինքի երկրների համար, եթե նրանք ճանաչեն ցեղասպանությունը, բայց պատմական փաստերն անժխտելի են»։ Ըստ Ռոբերթսոնի, հենց այդ պատճառով էլ իր գիրքն անվանել է «Անհարմար ցեղասպանություն», քանի որ Հայոց ցեղասպանության փաստը անհարմարություններ է պատճառում Արեւմուտքին։

Scroll Up