Kickstarter-ում դրամահավաք է սկսվել Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ֆինանսավորման համար

Ավստրալիայի Հայ դատի հանձնաժողովը Սիդնեյում բնակվող ռեժիսոր Շահանե Բեքարյանի հետ միասին պատրաստվում է նկարահանել Ավստրալիայում ստեղծված առաջին վավերագրական ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին, ըստ armeniangenocide100.org-ի՝ հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնաժողովի պաշտոնական էջը:

Նոյեմբերի 5-ին Kickstarter սոցիալական ֆինանսավորման հարթակումդրամահավաք է սկսվել ծրագրի իրագործմանը նպաստելու համար: Ավստրալիայի Հայ դատի հանձնաժողովը ցանկանում է 20 հազար դոլար հավաքել ֆիլմի արտադրության համար, որը կնկարահանվի 2015-ի դեկտեմբերին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Ցեղասպանության զավակները» վերնագրով ֆիլմի հիմքում են լինելու Ավստրալիայում ապաստանած՝ Ցեղասպանության վերապրածների հետ հարցազրույցների արխիվային կադրերը: Այն նաև ներառելու է հարցազրույցներ նրանց ժառանգների հետ, որոնք այժմ բնակվում են Ավստրալիայում:

Ֆիլմը նկարագրվում է որպես «Ցեղասպանությունից հարյուր տարի անց Ավստրալիայում բնակվող հայերի զգացմունքների ուսումնասիրություն»: Ուսումնասիրության առարկան Ցեղասպանության այն վերապրածներն են, որոնք ապատստան են գտել Ավստրալիայում:

«Թեև նրանք կոտորածներից փախչելով փրկվել են, մենք ուսումնասիրելու ենք, թե արդյո՞ք (այլ վայրերում՝ Ցեղասպանության իրականացման գոտուց դուրս – ArmenianGenocide100.orgվերաբնակվելը հերիք է Ցեղասպանության և հայրենազրկման հետևանքները հաղթահարելու համար: Մի՞թե կենդանի մնալը հերիք էր, երբ նրանց ընտանիքները գազանաբար սպանվել էին, և նրանց կյանքը կործանվել: Որո՞նք են այն տարրական մարդկային կարիքները, որոնք դեռևս չլուծված են մնացել: Թե արդյո՞ք նրանց հաջողվել է պահպանել իրենց ինքնությունը՝ կարող են միայն փաստել Ավստրալիայում նրանց սերունդների ուժը, նրանց երեխաների համար ստեղծած կայուն կյանքը: Արդյո՞ք Ավստրալիան այն տեղն է, որտեղ նրանք ցանկանում են ապրել: Արդյո՞ք նրանք անցել են մշակութային ձուլման ու ինտեգրացիայի ճանապարհը ավստրալական հասարակությունում»,- ապագա ֆիլմի վերաբերյալ նշված է դրամահավաքի հայտարարության մեջ:

«Սա մեր համայնքում ստեղծվող առաջին նման ֆիլմն է, և Kickstarter-ում սկսված դրամահավաքի շնորհիվ մեր համայնքի անդամները կարող են այս պատմական ծրագրի մի մասը լինել»,- ասել է Ավստրալիայի հայ դատի համայնքային հարաբերությունների տնօրեն Սթիվեն Աբոլաքյանը:

Scroll Up