Նոր Ջուղայի Հայ կանանց գթության միության 100-ամյա հոբելյանը
«…Հայ կինը իր բազմերես պատասխանատվություններով կենսական դեր է կատարած մեր համայնական կյանքում` մնալով ամրորեն կառչած մեր հոգեւոր ու բարոյական արժեքներին, մեր կրոնական ու ազգային ավանդություններին եւ համազգային իդեալներին ու ձգտումներին»:
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա
2015 թվականը Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթության Միության հիմնադրության եւ գործունեության 100-ամյակն է:
1915 թվականին Հ.Յ.Դ. «Հայ Կանանց Կարմիր Խաչ» անվամբ մեր ազգային ու հասարակական կյանքում ծնունդ առած եւ հետագայուն «Հայ Կանանց Գթության Միություն» դարձած նվիրյալ եւ գիտակից հայ կանանց այս համախմբումը, իր ծնունդով եւ ուղղությամբ, իր գործունեությամբ ու նպատակով աշխատեց նվիրականացնել հայ կնոջ իրական կերպարն ու նկարագիրը` որպես մայր, որպես դաստիարակ եւ ուսուցիչ, որպես հասարակական գործիչ, մտավորական եւ արվեստագետ, որպես պաշտպանը հայ ժողովրդի արժանապատվության եւ իրավունքների:
Հայ կինը միշտ իր յուրահատուկ դերակատարությունն է ունեցել մեր պատմության խաղաղ թե վերիվայրումներով լեցուն ժամանակներում: Առաջին համաշխարհային պատերազմի, 1915 թվականի Հայոց ցեղասպանության ու հայրենազրկումի մեր պատմության ամենաողբերգական իրադարձություններին դեմ հանդիման, անհրաժեշտ էր ամենուր տարագրված հայ բեկորներին օգնության ձեռք հասցնել եւ նրանց չամոքվող ցավին սպեղանի լինել: Միեւնույն թվականին հիմնադրված Միությունը իր հանձնառու եւ գիտակից անդամուհիներով, հավատարիմ իր նպատակներին ու կոչմանը՝ բարեսիրական հսկայական գործունեություն ծավալեց Նոր Ջուղայում եւ շրջակա գավառներում ապաստան գտած հայ գաղթականությանը:
Հետագա 100 տարիներիմ եւս Միությունն առաջնորդվեց եւ մինչեւ այսօր առաջնորդվում է իր հիմնադրության ակունքներում դրված սկզբունքներով ու գաղափարներով, միշտ առավել նորոգված ու այժմեականացած գործելաեղանակով:
Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթության Միության հիմնադրության 100-ամյակը տոնախմբել, նշանակում է նրա հարյուրամյա ծառայության արժեւորումը կատարել: Հայ Կանանց Գթության Միության հիմնադրության 100-ամյակը նշել, նշանակում է մեր համազգային նպատակների իրագործման մասնակից դարձած, հասարակական, համայնքային ու բարեսիրական կյանքում իր կարեւոր ներդրումն ունեցած միության գործունեությունն արժանավորապես գնահատել:
Սիրելի անդամուհինե՛ր, թանկագին հայրենակիցնե՛ր,
Միությունն արդեն ծրագրել ու նախապատրաստվել է պատշաճորեն նշելու իր հիմնադրության 100-ամյա հոբելյանը, որի կապակցությամբ ընդունում է Ձեր ուղերձները, հոդվածներն ու հուշագրությունները, արխիվային նյութերն ու լուսանկարները, որոնք կարող եք մեզ առաքել հետեւյալ էլեկտրոնային հասցեով.
E-mail: Haykinnorjugha@yahoo.com
Հայ Կանանց Գթության Միության Վարչություն
2 նոյեմբերի, 2015
Նոր Ջուղա