Հրանուշ Հակոբյան. Սիրիահայերին պետք է օգնել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սիրիայում

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Օրակարգում սիրիահայերի մասնագիտական վերապատրաստմանը և աշխատանքի տեղավորմանը, աջակցությանն ուղղված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ հարցերն էին:

Սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Նա նշեց, որ 2013-2015թ.թ ընթացքում Զբաղվածության տարածքային կենտրոնների ջանքերով հարյուրավոր սիրիահայեր տեղավորվել են աշխատանքի: Իրականացված աշխատանքներրի արդյունքում մեծացել է զբաղվածության կենտրոններում հաշվառված և զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկված սիրիահայերի թիվը:

Սիրիահայերի աջակցությանն ուղղված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին զեկույցով հանդես եկավ «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիր նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը՝ նշելով, որ կազմակերպությունը հիմնականում իրականացնում է բնակարանային վարձերի մասնակի փոխհատուցման, դրամական աջակցության, սոցիալական տների տրամադրման ծրագրեր, որոնցից օգտվել և օգտվում են տասնյակ սիրիահայեր:

Կարևորելով պետական ու նաև մասնավոր հատվածի՝ սիրիահայերին տրամադրվող բազմակողմանի օգնությունը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հատկապես սիրիահայերին բնակարանով, բնակ.վարձով և աշխատանքով ապահովելու խնդրի վրա: «Եթե սիրիահայերն ապահովվեն կյանքի նվազագույն պայմաններով՝ բնակարանով և աշխատանքով, Հայաստանից չեն հեռանա, – նշեց նախարարը՝ հավելելով, – պետք է մտածել նաև սիրիահայ մանուկների Ամանորը ուրախ կազմակերպելու ուղղությամբ: Որևէ մանուկ չպետք է անտեսված մնա»:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Սիրիայում՝ պատերազմական այս իրավիճակում գործող հայկական 15 դպրոցների դերը: Նա ընդգծեց, որ սիրիահայերին պետք է օգնել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սիրիայում:

01 02

Scroll Up