Ընտրությունների արդյունքները մեզ չեն գոհացնում. Թուրքիայում ընտրված հայ պատգամավոր

«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից գոհ չէ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլի 3-րդ ընտրատարածքում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ընտրացուցակում 2-րդ տեղը զբաղեցնող, ազգությամբ հայ Կարո (Կարապետ) Փայլանը, որը կրկին պատգամավոր է ընտրվել:

«Մեր կուսակցության դեմ բողոքի ակցիաներ էին, մեզ վրա ճնշումներ էին գործադրում: Փողոցում կոնֆլիկտ կար, այնուամենայնիվ, մեծ ակնկալիքներ ունեինք, որոնցից ոչ բոլորն արդարացան: Մենք մտանք խորհրդարան, որտեղ ընդդիմություն ենք լինելու եւ պայքարելու ենք ժողովրդավարության բարձրացման համար»,- ասաց Կարո Փայլանը:

Պատգամավորի խոսքով՝ իրենք շարունակելու են խաղաղություն քարոզել եւ պայքարել հենց խաղաղության հաստատման համար:

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում 3 հայ պատգամավոր կա: Բացի Կարո Փայլանից՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից պատգամավոր է դարձել Սելինա Դողանը, իսկ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից՝ Մարգար Եսայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ընդհանուր քվեատուփերի 80 տոկոսը հաշվել են, եւ ստացվել է հետեւյալ պատկերը․

«Արդարություն եւ զարգացում» կուսակցություն-49,3 տոկոս,

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն-25,4 տոկոս,

«Ազգայնական շարժում» կուսակցություն-11,9 տոկոս,

«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն-10,9 տոկոս։

Առաջադրված երեք հայ թեկնածուները կրկին պատգամավոր են դարձել։

Նշենք, որ ընդդիմությունը առարկություններ  է հայտնել բացված քվեատուփերի արդյունքների հետ կապված՝ շեշտելով, թե ավելի քիչ քվեատուփեր են բացվել, քան ներկայացրել է ԿԸՀ-ն։

Scroll Up