Քիչ հավանական է, որ Թուրքիան Հայաստանի հետ նոր տիպի հարաբերություններ նախաձեռնի. թուրք վերլուծաբան

Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կուսակցության հաղթանակով: Իշխող կուսակցությունը 4-րդ անգամ կստանա հնարավորություն՝ վարել երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը:
Tert.am-ը Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis group) Հարավային Կովկաս/Թուրքիա ծրագրի ավագ վերլուծաբան Նիգյար Գյոքսելից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է հավանական թուրքական արտաքին քաղաքականության փոփոխությունը, ի՞նչ զարգացումներ է որդեգրելու պաշտոնական Անկարան՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովից հետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները:
Ի պատասխան փորձագետն ասաց, թե հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգումը կանգ առավ դեռևս 2010 թ.-ին, իսկ 2015-ին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների «տոնայնությունը փչացավ»:
Նիգյար Գյոքսելը հիշեցրեց, որ թեև հայ-թուրքական արձանագրությունները Սերժ Սարգսյանի հրամանով պաշտոնապես հետ կանչվեցին խորհրդարանից, Հայաստանի ստորագրությունը շարունակում է մնալ այդ արձանագրությունների տակ: Նա նշեց, թե աշխարհաքաղաքական զարգացումների և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարևորելու արդյունքում, քիչ հավանական է, որ Թուրքիան Հայաստանի հետ նոր տիպի հարաբերությունների հավակնելու նախաձեռնողականություն ցուցաբերի:
«Հիմա բոլորը սպասում են Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ավարտին, որն արտացոլվում է Ուկրաինայում և Սիրիայում: Կարծում եմ, որ Մոսկվան, Անկարան, եվրոատլանտյան հատվածը, անհանգստացած են նրանով, որ ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն կարող է խաթարել տարածաշրջանային կայունությունը՝ ի վնաս իրենց: Ուստի ցանկացած ամբիցիոզ նախաձեռնություն դիտարկվում է ռիսկային: Իսկ հավանականություն, սպառնալիք, որ Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ Ռուսաստանի և Արևմուտքի միջնորդավորված առճակատման հերթական վայր, գոյություն ունի»,- ասաց նա:
Tert.am-ի դիտարկմանը, թե ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթաց հնարավոր չէ այն պայմաններում, երբ Թուրքիան շարունակում է սատարել ադրբեջանական ագրեսիան, որի արդյունքում, անգամ թուրքական խոշոր զինատեսակներից, զոհվում են խաղաղ բնակիչներ, Նիգյար Գյոքսելն արձագանքեց, թե ադրբեջանական ռազմավարության նպատակն այն է, որ դրդի Հայաստանին հասկանալ, թե որքան անընդունելի է իրենց համար ստատուս-քվոն:
«Այս նպատակին հասնելու համար Ադրբեջանը ընտրել է հետևյալ մարտավարությունը՝ մեկուսացնել Հայաստանը, դուրս բերել ՀՀ-ին տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից, և Հայաստանի համար գին սահմանել: Բացի դրանից, կա զինվելու մրցակցություն: Լարվածության մեծացման աճը շփման գոտում Բաքվի մեսիջն է, ուղղված ոչ միայն Հայաստանին, այլև՝ Արևմուտքին և Ռուսաստանին: Հակամարտության կարգավորման անհրաժեշտությունն օրեցоր մեծանում է»,– ասաց նա:
Ըստ վերլուշաբանի՝ եթե կողմերը «չհասնեն ընդունելի տարբերակով հարցը լուծելուն, չկիրառվեն քայլեր՝ կոնֆլիկտը փոխակերպելու ուղղությամբ, ապա Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն՝ վերցնո՞ւմ են սեփական ճակատագրերն իրենց ձեռքը, թե՞ ոչ»: «Հակառակ դեպքում, պատահական սցենարները կամ հարկադրված արդյունքները պարունակելու են հարցի կարգավորման սահմանափակ հնարավորություններ»,- ընդգծեց նա։
Նիգյար Գյոքսելը հավաստիացրեց, թե «ադրբեջանական լոբբի»-ի մասին տերմինը ապակողմնորոշում է, որովհետև գործը հասնում է թուրքական քաղաքականության վրա ադրբեջանական ազդեցությանը, գործում է ոչ թե լոբբին, այլ, ավելի շուտ, երկու գործոնների համադրումը:
«Առաջինը՝ երկրի ազգային շահերից ելնելով պետությունների գործող իշխանություններին գնահատական տալն է, իսկ երկրորդը՝ հասարակական լայն շերտերի զգացմունքներն ու հետաքրքրություններն են: Մանրամասնեմ առաջին գործոնը՝ Թուրքիան ունի առավելություն տարածաշրջանում Ռուսաստանի հետ մրցելու տեսանկյունից, իսկ Բաքուն՝ առաջին հերթին վառելիքաէներգետիկ և թեթև արդյունաբերության ոլորտներից: Այս երկու միությունների սպառնալիքը թուրքական փորձագետների, ստրատեգների կողմից, գնահատվում է որպես «ռուսական բոստանը նետված քար»»:
Ըստ վերլուծաբանի՝ կան նաև տնտեսական հետաքրքրություններ. Թուրքիան համարվում է խոշոր ներդրող ադրբեջանական ոչ նավթային ոլորտներում, իսկ Ադրբեջանը Թուրքիային բնական է գազ է վաճառում այլ ներկրողների հետ համեմատ ամենացածր գներով:
«Իհարկե, կան նաև պնդումներ՝ թե՛ հանրային շրջանակներից, թե՛ ստրատեգներից, առաջնորդներից, որ թուրքական քաղաքականությունը պետք է ավելի քիչ կախված լինի Բաքվից, և որ Բաքվի համաձայնությունը զրկում է Թուրքիային խաղալու հնարավորությունից, սակայն, ես չեմ կարծում, որ մոտակա ժամանակներում հնարավոր կլինի իրացնել այս գաղափարը»,- ասաց վերլուծաբանը: